Վիճակագրական կոմիտեն ամփոփել է այս տարվա երկրորդ եռամյակի տնտեսական ցուցանիշները։ Ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել։ Համախառն ներքին արդյունքը ավելացել է 6․7 տոկոսով։ Երկնիշ աճ է արձանագրվել շինարարությունում, բայց և երկնիշ անկում՝ գյուղատնտեսությունում։ Մասնագետները սա հիմնականում պայմանավորում են արտահանման դժվարություններով։
Արդյունաբերություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ․ 2026 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական աճը։ Արդյունաբերությունում այն կազմել է 6.4%, շինարարությունում՝ գրեթե երեք անգամ ավելի։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը ընդգծում է՝ տպավորիչ է հատկապես հանքարդյունաբերության ցուցանիշը։ Բայց արդյոք մտահոգիչ չէ, որ արդյունաբերությունում աճը երեք անգամ պակաս է, քան շինարարությունում․
«Հանքանյութերի արտահանման գծով տպավորիչ աճ կա, քանի որ սա փոխկապակցված է նաև դեպի Եվրամիություն արտահանման ծավալների աճի հետ։ Եթե այս ցուցանիշները համադրենք, ապա կտեսնենք, որ դեպի Եվրամիություն արտահանումը աճել է հանքանյութերի գծով, այսինքն՝ այս բաղադրիչը կա, հանքարդյունաբերության բաղադրիչը միանշանակ նշանակալի դեր ունի արդյունաբերության ցուցանիշի մեջ և, այս առումով, ես մտահոգիչ որևէ բան չեմ տեսնում»։
Շինարարության ոլորտի աճը պայմանավորված է նաև Հայաստան ուղղվող կապիտալի հետ, ինչը պայմամանվորված է թե՛ ռուս-ուկրաինական, և թե՛ Իրան-ԱՄՆ հակամարտություններով։ Կապիտալը տեղաբաշխվում է անշարժ գույքի շուկայում․
«Այս պահին անշարժ գույքի շուկան Հայաստանում խիստ զարգացող է։ Իհարկե, սա կարող է հարց առաջացնել, թե որքան կտևի այս աճը, արդյո՞ք որևէ պահի կապիտալի շուկան չի կարող խնդիրներ ունենալ, բայց կարծես, թե ուղղակի կա կապիտալի այնպիսի ավելցուկ, որը ուղղորդվում է դեպի շինարարության ոլորտ, դեպի անշարժ գույքի ոլորտ»։
Կառավարությունում ևս արձանագրում են՝ կապիտալ ներդրումների ծավալով Հայաստանն այժմ համեմատելի վիճակում է խորհրդային տարիների հետ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան․
«ՀՀ-ում բնակարանաշինության ամենամեծ ծավալներն իրականացվել են 1985-1986 թվականներին։ Իսկ 2025 թվականին մենք գրեթե 80 տոկոսով գերազանցել ենք ՀՀ-ում բնակարանաշինության ծավալները՝ համեմատած այդ ժամանակաշրջանի հետ։ Եթե 1,2-1,3 մլն քառ․ մ է կատարվել այն ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվականին՝ ավելի մեծ ծավալով։ Եվ ոչ միայն բնակարանաշինության մասով. արդեն առաջին կիսամյակի տվյալները կան, և Վիճակագրական կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկմամբ ակնկալում ենք, որ այս տարվա ավարտին մենք կգերազանցենք կապիտալ շինարարական ծրագրերի ծավալը՝ 900 մլրդ դրամ և ավելի»։
Մտահոգիչ է իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում։ Այստեղ կիսամյակի տվյալներով ավելի քան 15 տոկոս տնտեսական անկում է եղել։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը կարծում է, որ դա պայմանավորված է արտահանման հետ կապված դժվարություններով։ Ընդ որում տուժում են հատկապես գյուղատնտեսները․
«Վնասներ կրում են, բայց բավականին երկար ժամանակ խոսվում է գյուղատնտեսության ապահովագրության մասին, խոսվում է ինստիտուցիոնալ խելացի գյուղատնտեսության ներդրումների մասին, սրանք երկարաժամկետ լուծում պահանջող ենթակառուցվածքներ են, աստիճանաբար պետք է ուժի մեջ մտնեն։ Կորուստներ կարող են լինել բնականաբար նաև վարկերի հաշվին, վարկերի հետ կապված՝ որքանով են բանկերի կողմից գնահատվել ռիսկերը»։
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ավելացել է նաև մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի մասնաբաժինը։ Գնաճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարձր է, բայց, ըստ մասնագետների՝ դա համադրելի չէ ՀՆԱ-ի աճին։ Գնաճն ավելի ցածր է, քան համախառն ներքին արդյունքի աճը։
armradio.am