Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանի Օրդոս քաղաքում առանձնահատուկ կարևորություն է տրվում տեղի մոնղոլ բնակչության ազգային մշակույթի պահպանմանը, շարունակականությանը և նոր սերունդներին փոխանցմանը։
Ջունգար բանների Նանյուան համայնքում գտնվող սոցիալական-մշակութային կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ ավանդական տոներին նվիրված ծրագրեր, երգի ու պարի երեկոներ, ստեղծագործական դասընթացներ և մշակութային հանդիպումներ։ Կենտրոնում գործում է նաև գրադարան, պարի սրահ, նկարչության ու ասմունքի խմբակներ։ Հատուկ տարածք է հատկացված տարածաշրջանի ավանդական երաժշտությանը՝ Մանհան-դիաոյին։

Մանհան-դիաոն Ջունգար Բանների տեղական ժողովրդական երգարվեստ է, որն ունի գրեթե մեկդարյա պատմություն։ Այն ձևավորվել է մոնղոլական և չինական մշակույթների երկարատև շփման արդյունքում․ հիմքում մոնղոլական կարճ ժողովրդական երգն է, որի մեջ ժամանակի ընթացքում ներառվել են չինական ժողովրդական երաժշտության տարրեր։ 2008 թվականին Մանհան-դիաոն ընդգրկվել է Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Այստեղ կենդանի կատարումներն ուղեկցվում են ավանդական գործիքների նվագակցությամբ՝ սիհու, յանչին, դիցզի, սանսյան, ինչպես նաև հարվածային գործիքներ։

Կենտրոնում պահպանվում են նաև Մանհան-դիաոյի հայտնի կատարողների մասին տեղեկություններ՝ այդպիսով պահպանելով ոչ միայն երաժշտական ժառանգությունը, այլև այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրա զարգացման գործում։
Համայնքում կազմակերպվում են նաև ավանդական տոների միջոցառումներ՝ երգով, խաղերով, ձեռագործ աշխատանքներով։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ներքին Մոնղոլիայում մոնղոլական ավանդույթները շարունակում են և փոխանցվում սերնդեսերունդ։
Նարեկ Խաչատրյան