WSJ․ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կարող է հրաժարական տալ Հեգսեթի հետ հակամարտության ֆոնին

Ակնկալվում է, որ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը մինչև տարեվերջ, իսկ հնարավոր է՝ ավելի շուտ, կլքի իր պաշտոնը՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ մի քանի ամիս ձգվող լարված հարաբերություններից հետո, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Դրիսկոլի հեռանալը ԱՄՆ բանակի նախարարությունը կթողնի առանց Սենատի կողմից հաստատված մշտական ղեկավարի։ Ապրիլին Հեգսեթն աշխատանքից ազատել էր ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ռենդի Ջորջին՝ պատճառները չբացատրելով։ Նախագահ Դոնալդ Թրամփը մինչև այժմ չի առաջադրել նրա իրավահաջորդի թեկնածությունը։

Շտաբի պետի պարտականություններն այժմ կատարում է Ջորջի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լանևը, որը նախկինում զբաղեցրել էր Հեգսեթի ավագ ռազմական օգնականի պաշտոնը։

Դրիսկոլը զբաղեցնում է ԱՄՆ բանակի նախարարի քաղաքացիական պաշտոնը (Secretary of the Army)։ Նրա պատասխանատվության ներքո են գտնվում ցամաքային զորքերի կառավարման, բյուջեի և կազմակերպման հարցերը, մինչդեռ բանակի անմիջական ռազմական ղեկավարումն իրականացնում է նրա շտաբի պետը։

Վերջին ամիսներին Դրիսկոլի և Հեգսեթի հարաբերությունները լարված էին։ Դրիսկոլը համարվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մերձավոր դաշնակիցը։

Տարաձայնությունների ֆոնին Դրիսկոլը գեներալ Ջորջի հետ միասին շարունակել է առաջ տանել ցամաքային զորքերի արդիականացումը, այդ թվում՝ առևտրային տեխնոլոգիաների և անօդաչու համակարգերի ավելի ակտիվ կիրառումը։ Մասնավորապես, նման մոտեցումը հաշվի էր առնում ուկրաինացի զինվորականների փորձը։

Ջորջի ազատումից հետո Դրիսկոլը հրապարակայնորեն դրական էր արտահայտվում նրա մասին։ Կոնգրեսում լսումների ժամանակ նա գեներալին անվանել էր «ցնցող առաջնորդ, որը վերափոխումներ էր իրականացնում»՝ պատասխանելով շտաբի պետի անսպասելի հրաժարականի մասին հարցին։

Եթե Դրիսկոլն իսկապես լքի պաշտոնը, դա Թրամփի վարչակազմի օրոք Պենտագոնի ղեկավարությունում կլինի հերթական լուրջ կադրային փոփոխությունը։ Միաժամանակ ԱՄՆ բանակը փաստացի կմնա առանց երկու մշտական ղեկավարների՝ բանակի նախարարը կհեռանա, իսկ շտաբի պետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել պաշտոնակատարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *