Անսովոր միջադեպ է տեղի ունեցել Դյուսելդորֆի օդանավակայանում․ Միջերկրական ծովի տարածաշրջանից Գերմանիա ժամանած 52-ամյա կնոջը խայթել է կարիճը, որը թաքնվել էր նրա բաճկոնի մեջ։ Երբ կինը փորձել է այն հագնել, կենդանին հանկարծ խայթել է նրան, հայտնել է Bild-ը։
Օդանավակայանի փրկարար ծառայության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել տուժածին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Քանի որ սկզբում հայտնի չէր, թե որքան վտանգավոր է խայթոցը, փրկարարները կանչել են սողունների գծով մասնագետի։ Նա բռնել է կարիճին և պարզել, որ դա դեղին միջերկրածովյան կարիճ է (Leiurus quinquestriatus), որը հայտնի է նաև որպես դեղին հնգագիծ կարիճ։
Այս տեսակը համարվում է աշխարհի ամենաթունավոր կարիճներից մեկը։ Նրա թույնը պարունակում է չափազանց ուժեղ նեյրոտոքսիններ։ Առողջ չափահաս մարդու համար նման խայթոցը սովորաբար մահացու չէ, սակայն երեխաների, տարեցների և թուլացած մարդկանց համար այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել։
Բժշկի, թունաբանական կենտրոնի և սողունների մասնագետի խորհրդակցությունից հետո որոշվել է կնոջը տեղափոխել համալսարանական կլինիկա՝ հետագա հսկողության և բուժման համար։
Դեղին միջերկրածովյան կարիճը տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Թուրքիայում և Արաբական թերակղզում։ Նրա թույնը զգալի արժեք է ներկայացնում բժշկության համար․ մեկ լիտրի արժեքը կարող է հասնել մի քանի միլիոն եվրոյի։ Թույնի առանձին բաղադրիչներն ուսումնասիրվում և օգտագործվում են, մասնավորապես, ուռուցքային հիվանդությունների բուժման մեթոդների մշակման մեջ։
Բռնված կարիճին հրշեջները փոխանցել են սողուններ պահելու մեջ մասնագիտացած կենդանաբանական այգի։