Ռուսաստանը բոլոր երկրների դիվանագիտական գերատեսչություններին նոտաներ է ուղարկել՝ խնդրելով ապահովել ռուսաստանյան ընտրատեղամասերի անվտանգությունը և Պետդումայի ընտրությունների օրերին դեսպանատների ու այլ արտասահմանյան հաստատությունների մոտ արգելել ցույցերը։ Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպան, Ռուսաստանի ԱԳՆ-ի ընտրությունների հանձնաժողովի փոխնախագահ Մաքսիմ Ռայդերը։
Ըստ նրա, Մոսկվան ակնկալում է, որ օտարերկրյա պետությունները «բարեխղճորեն կկատարեն իրենց միջազգային պարտավորությունները»։
«Ընտրատեղամասերի պաշտպանության համար համարժեք միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ընտրությունների օրը մեր արտասահմանյան հաստատությունների մոտ ցույցերը արգելելու խնդրանքով նոտաներ են ուղարկվել արտասահմանյան երկրների բոլոր արտաքին քաղաքական գերատեսչություններին», — ասել է Ռայդերը։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները նաև մտադիր են միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացը պաշտպանելու համար։
«Մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստելու», — հայտարարել է նա։
Պետական դումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ից 20-ը։ Ռուսաստանցիները կընտրեն 450 պատգամավորի՝ 225-ը կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով։ Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ին։
Ավելի վաղ Պետդումայում հայտարարել էին ընտրությունների ընթացքում ռուսաստանցիներին սադրանքների դրդելու փորձերի մասին։ Պատգամավոր Վասիլի Պիսկարյովը նաև պնդել էր, թե իբր օտարերկրյա գործակալները դեռ մինչև քվեարկության մեկնարկը մտադիր են արևմտյան ԶԼՄ-ներում պատկերացում ձևավորել ընտրություններում հնարավոր կեղծիքների մասին։