Իսպանիայի կառավարությունը հայտարարել էՍեուտայի և Մելիլյայի նկատմամբ Մարոկկոյի հավակնությունները կտրուկ մերժելու մասին՝ ընդգծելով, որ իսպանական այդ երկու քաղաքները երկրի տարածքի և ինքնիշխանության մաս են կազմում, ինչպես նաև Եվրոպական միության կազմում են, հաղորդում է EFE-ն։
Մադրիդի հայտարարությունը հաջորդել է Մարոկկոյի արդարադատության նախարար Աբդելլատիֆ Վահբիի խոսքին, որը Սեուտան և Մելիլյան անվանել էր Մարոկկոյի «պատմական և աշխարհագրական իրավունք»։ Նա նաև առաջարկել էր Իսպանիայի հետ երկխոսության մեխանիզմ ստեղծել՝ քաղաքների ապագան և դրանց «վերադարձը հայրենիք» քննարկելու համար։
Մարոկկոյի պետական 2M հեռուստաալիքին տված հարցազրույցում Վահբին հայտարարել է Մադրիդի հետ «երկխոսության ուղիներ» հաստատելու անհրաժեշտության, այդ թվում՝ այս հարցով հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ Ըստ նրա, Սեուտայի և Մելիլյայի թեման չպետք է լռության մատնվի։
Ի պատասխան՝ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Սեուտան և Մելիլյան իսպանական քաղաքներ են, որոնք գտնվում են Իսպանիայի և ԵՄ սահմանին և կազմում են իսպանական տարածքի մասը, որի նկատմամբ ինքնիշխանությունը ճանաչված է միջազգային մակարդակով։
«Մենք կտրականապես մերժում ենք և կշարունակենք կտրականապես մերժել Սեուտայի և Մելիլյայի վերաբերյալ ցանկացած այլ մոտեցում», — հայտարարել են Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ հավելելով, որ այս դիրքորոշումը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է Մարոկկոյին։