Բաց նամակ Աբելյանի անվան թատրոնի տնօրենին

Տիկին Սահակյան, հիմա Ձեր խոսքի ժամանակը չէ՞

Օգոստոսի 18-ին «Հրապարակ»-ում «Վանաձորի Աբելյանի անվան թատրոն․ ոչնչացնե՞լ պատմությունն ու վանաձորցու հիշողությունը, թե՞ կառուցել ժամանակակից թատրոն» վերնագրով հոդվածում մի շարք հարցեր էի բարձրացրել, որոնց մի մասն ուղղված էր պետական կառույցներին: Նաեւ դիմել էի ԿԳՄՍ նախարարությանը, Լոռու մարզպետին՝ խնդրելով փաստաթղթեր, մասնագիտական եզրակացություններ տրամադրել, որպեսզի հասկանանք` ինչքանով է հիմնավորված թատրոնի հին շենքը քանդելու եւ նորը կառուցելու որոշումը: Բայց այս պատմության մեջ կա մի մարդ, որի խոսքը, կարծում եմ, առանձնահատուկ կարեւորություն ունի` դա Դուք եք։ Դուք պարզապես պաշտոնատար անձ չեք, այլ այն մարդկանցից եք, որի պաշտոնավարման տարիներին որոշվում է թատրոնի շենքի հետագա ճակատագիրը։

Ուզում եմ Ձեզ մի քանի հարց տալ՝ ոչ թե որպես մեղադրանք, այլ որպես մի մարդու, որը վաղը կարող է կանգնել նույն թատրոնի պատմության առաջ եւ պատասխանել՝ ես ի՞նչ արեցի այն ժամանակ, երբ դեռ հնարավոր էր հարցեր տալ եւ ինչ-որ բան կանխել:

Ասվում է, որ շենքը պետք է քանդվի։ Բայց Դուք տեսե՞լ եք սեյսմիկ ուսումնասիրությունը, որի հիման վրա այդ եզրակացությունն է տրվել։ Տեսե՞լ եք տեխնիկական վիճակի գնահատականը, այն հաշվարկը, որն արվել է գործող շենքի ամրացման, հիմնանորոգման եւ նորի կառուցման ծախսերի համար։ Տեսե՞լ եք մասնագիտական փաստաթուղթը, որն ասում է՝ այս շենքը հնարավոր չէ փրկել։ Եթե տեսել եք՝ ասեք հանրությանը, եթե չեք տեսել՝ գուցե հենց հիմա ճիշտ ժամանակն է տեսնելու։

Նոր թատրոնի գաղափարին ո՞վ է դեմ

Ես՝ ոչ։ Վանաձորին ժամանակակից թատրոն պետք է, որն ունենա լավ բեմ, տեխնիկական անհրաժեշտ հնարավորություններ, հարմարավետ դահլիճներ, դերասանների համար արժանապատիվ պայմաններ, լուծումներ, որոնք համապատասխանում են 21-րդ դարի թատրոնի պահանջներին։ Այդ հարցում մենք համակարծիք ենք։ Հարցն այլ է` նոր թատրոն ունենալու համար պարտադի՞ր է ոչնչացնել հին թատրոնի շենքը։
Իսկ ի՞նչ է նշանակում «պահպանել շենքի ճակատը»

Սա հարց է, որի պատասխանը պետք է հետաքրքրի ղեկավարին։ Եթե շենքի ճակատն արժեքավոր է, ապա ի՞նչ պատճառով` միայն այն, որ գեղեցի՞կ է, թե՞ որովհետեւ այդ ճակատի ետեւում եղել է թատրոն, ուր տասնամյակներ աշխատել են դերասաններ, բեմադրիչներ, նկարիչներ, որտեղ հանդիսատես է մտել, ներկայացումներ են ծնվել, որը կապված է քաղաքի մի քանի սերնդի մշակութային հիշողության հետ։ Եթե վաղվա շենքը նույն ճակատն ունենա, բայց դրա հետեւում այլեւս չլինի այսօրվա պատմական շենքը, կստացվի` մենք պահպանեցի՞նք պատմությունը, թե՞ պահպանեցինք արտաքին պատկերը։ Սա մանրուք չէ։

Դուք ի՞նչ դիրքորոշում եք ունեցել, երբ քննարկվել է թատրոնի շենքի ապագան

Ասե՞լ եք, որ ուզում եք տեսնել մասնագիտական եզրակացությունները, ուզում եք հասկանալ՝ հնարավո՞ր է պահպանել շենքը։ Ասե՞լ եք՝ եթե քանդելն անխուսափելի է, ուզում եմ իմանալ՝ ինչու։ Ասե՞լ եք՝ թատրոնի հանրույթի ձայնը պետք է լսվի, հանրույթը պիտի հասկանա՝ ինչ որոշում է կայացվում եւ ինչու։ Եթե ասել եք, խնդրեմ` հրապարակեք Ձեր դիրքորոշումը։ Եթե չեք ասել՝ դեռ ուշ չէ։

Այսօր կարող է թվալ, թե ամեն ինչ պարզ է։ Որոշումը կարող է ներկայացվել որպես բնական եւ անհրաժեշտ քայլ: Բայց պատմությունը որոշումներն այլ կերպ է հիշում։ Մի օր նոր թատրոնի մոտ մարդիկ կհարցնեն՝ իսկ նախկին շենքն ո՞ւր է։ Այդ ժամանակ նրանք չեն հիշելու միայն ճարտարապետին, շինարարին կամ պետական մարմնի անունը, հիշելու են նաեւ թատրոնի ղեկավարին, այն դերասաններին, ովքեր այդ ժամանակ աշխատում էին թատրոնում։ Հարցնելու են՝ արդյոք նրանք հարցեր տվեցի՞ն, փորձեցի՞ն հասկանալ՝ ուրիշ ճանապարհ չկա՞ր։ Ասացի՞ն՝ «մենք ուզում ենք նոր թատրոն, բայց ուզում ենք համոզվել, որ հինն իսկապես հնարավոր չէ պահպանել»։

Եվ մի կարեւոր հարց. Տիկին Սահակյան, Դուք համոզվա՞ծ եք, որ այն մարդիկ, ովքեր որոշում են թատրոնի շենքի ճակատագիրը, ուսումնասիրել են բոլոր տարբերակները։ Համոզվա՞ծ եք, որ պահպանելու տարբերակն անհնար է եղել, որ հանրային քննարկումները տեղի են ունեցել այն փուլում, երբ հանրային կարծիքը դեռ կարող էր ազդել որոշման վրա։ Համոզվա՞ծ եք, որ վաղը ոչ ոք չի ասելու՝ «կարելի էր այլ կերպ»։ Եթե այո՝ ասեք դա։ Եթե ոչ՝ հարցրեք։ Որովհետեւ թատրոնի տնօրեն լինելը միայն ներկայացումներ կազմակերպել կամ թատրոնի ընթացիկ աշխատանքը ղեկավարել չէ։ Երբ թատրոնի տունն է վտանգի տակ, տնօրենը նաեւ այդ տան հիշողության պատասխանատուն է։
Ես Ձեզ չեմ կոչում պայքարել պետական ծրագրի դեմ։ Չեմ ասում՝ անպայման պահպանել հին շենքը, գուցե մասնագետներն իսկապես ճիշտ են։ Գուցե շենքն իսկապես հնարավոր չէ անվտանգ դարձնել, եւ նոր շենքն իսկապես լավագույն լուծումն է։ Բայց եթե այդպես է, թող մեզ համոզեն սեյսմիկ ուսումնասիրությամբ, տեխնիկական եզրակացությամբ, պահպանման եւ նորակառույցի տարբերակների հաշվարկներով։ Եթե պարզվի, որ նոր թատրոն կառուցելը միակ ողջամիտ լուծումն է, կարծում եմ՝ շատերը կընդունեն այդ որոշումը։
Եվ վերջում՝ մի խնդրանք. տիկի՛ն Սահակյան, մի ասեք՝ «մեր ձեռքին ոչինչ չկա»։

Գուցե իրավական առումով որոշումը Դուք չեք կայացնում, բայց Ձեր ձեռքում կա մի բան, որն այս պահին շատ կարեւոր է՝ Ձեր ձայնը։ Դուք կարող եք հարցնել, պահանջել մասնագիտական պարզաբանում։ Կարող եք ասել՝ «Ես ուզում եմ հասկանալ՝ հնարավո՞ր էր պահպանել այս շենքը», «եթե ամեն ինչ հիմնավորված է, եկեք դա ցույց տանք Վանաձորի բնակչությանը»։ Դա հակադրվել չէ։ Գուցե հենց այդպիսի համագործակցությունն է հիմա պետք՝ պետական կառույցների, թատրոնի, մասնագետների եւ քաղաքի բնակիչների միջեւ։ Լռությունը նույնպես դիրքորոշում է։ Տիկին Սահակյան, Դուք այս ամենի վերաբերյալ ասելիք չունե՞ք։ Եթե որոշումը ճիշտ է՝ օգնեք մեզ հասկանալ դա։ Եթե կան չպատասխանված հարցեր՝ միասին բարձրաձայնենք։ Իսկ եթե դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել, գուցե հիմա է այն պահը, երբ պետք է փորձել։ Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել։ Վաղը հարցը կարող է դառնալ՝ «Ինչո՞ւ այն ժամանակ, երբ դեռ կարելի էր հարցնել, մենք չհարցրինք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *