Գերմանիան ռուսաստանցի գործակալին կասկածում է Բեռլինի մերձակայքում զենքի գաղտնի պահոց ստեղծելու մեջ

Գերմանիան Ռումինիայից պահանջում է արտահանձնել կասկածյալին, որին կապում են Բեռլինից ոչ հեռու անտառում հայտնաբերված զենքի գաղտնարանի հետ։ Գերմանական ԶԼՄ-ները ենթադրում են, որ զենքի պահոցը կարող էր կապված լինել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, գրում է The Guardian-ը։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտնել է, որ դաշնային դատախազությունը հետաքննում է գործը՝ ազգային անվտանգությանը սպառնացող ծանր հանցագործության նախապատրաստման կասկածանքով։ Ըստ նրա, այս դեպքը վկայում է Գերմանիայի համար սպառնալիքի բարձր մակարդակի մասին, ընդ որում նա չի բացառել օտարերկրյա պետությունների հնարավոր մասնակցությունը։

Մոտ մեկ տարի առաջ գերմանական հատուկ ծառայությունները, աղբյուրից տեղեկություն ստանալուց հետո, Բեռլինի մերձակա անտառում հայտնաբերել էին երկու ատրճանակ և զինամթերք։ Ինչպես հայտնում են Der Spiegel-ը և Süddeutsche Zeitung-ը, հետաքննությունն իրականացվել է ռուսաստանյան հատուկ ծառայությունների հնարավոր գործունեության ստուգման շրջանակում, ներառյալ Գերմանիայի տարածքում մահափորձերի նախապատրաստումը։

Գերմանական իշխանությունները միտումնավոր անմիջապես չեն վերցրել զենքը։ Դոբրինդտը նշել է որ այն դարձրել էին օգտագործման համար ոչ պիտանի և թողել տեղում՝ հույս ունենալով պարզել, թե ովքեր կգան գաղտնարանի հետևից։ Սակայն մի քանի ամսվա ընթացքում ոչ ոք այդպես էլ չփորձեց վերցնել զենքը։ Քննիչները եկել են այն եզրակացության, որ գաղտնարանի կազմակերպիչները կարող էին իմանալ դրա հայտնաբերման մասին։

Նախարարը հայտնել է, որ Ռումինիայում գտնվող կասկածյալը «ցածր մակարդակի գործակալ» է։ Նրա քաղաքացիությունը չի բացահայտվում։ Դոբրինդտը նշել է, որ Գերմանիայում այս տարի արդեն ձերբակալվել են մի քանի նմանատիպ գործակալներ։

Վերջին ամիսներին գերմանական հատուկ ծառայությունները բազմիցս նախազգուշացրել են ռուսաստանյան հետախուզական գործունեության ակտիվացման մասին։ Süddeutsche Zeitung-ի, NDR-ի և WDR-ի տվյալներով, ռուսաստանցիների գործողությունների հավանական թիրախներ կարող էին լինել պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարները, արտերկրում գտնվող ընդդիմադիրները և Ուկրաինայի այլ հայտնի աջակիցներ։

Der Spiegel-ը նաև ուսումնասիրում է զենքի գաղտնարանի հնարավոր կապը ուկրաինական լոգիստիկ երթուղիների դեմ դիվերսիաների արշավի հետ, որը գերմանական իշխանությունները կապում են Ռուսաստանի հետ։

Այս ֆոնին հետաքննվում է նաև Եվրոպայում այլ ենթադրյալ դիվերսիոն գործողությունների մի ամբողջ շարք։ Մասնավորապես, 2025 թվականին լեհական իշխանությունները ձերբակալել էին կասկածյալների, որոնք պատրաստվում էին ուղարկել հրկիզող սարքերով և դետոնատորներով ծանրոցներ։ Իսկ 2024 թվականին Լայպցիգի օդանավակայանի բեռնային տերմինալում պայթել էր DHL-ով ուղարկված հրկիզող ծանրոցը։ Ռուսաստանը բազմիցս հերքել է նման գործողություններին իր առնչությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *