Ճապոնիայում հայրը յոթամյա որդուն միայնակ է թողել Ֆուձի լեռան վրա և շարունակել վերելքը

Ճապոնիայի ոստիկանությունը նկատողություն է արել 48-ամյա մի տղամարդու, որն իր յոթամյա որդուն միայնակ էր թողել Ֆուձի լեռան վրա, մինչ ինքը ավագ երեխայի հետ շարունակել էր վերելքը, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։

Տղան մի քանի ժամ միայնակ է անցկացրել ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա՝ մառախուղի և անձրևի պայմաններում։ Լրատվամիջոցների տվյալներով, հայրը երեխային թողել էր միայն զովացուցիչ ըմպելիք և թեթև խորտիկ այն բանից հետո, երբ նա դժգոհել էր հոգնածությունից, և ասել էր նրան՝ «սպասիր այստեղ»։

Տղային տեղական ժամանակով մոտ 07:30-ին հայտնաբերել են Ֆուձինոմիա երթուղու վեցերորդ կայարանի մոտ գտնվող լեռնային ապաստանի աշխատակիցները։ Նրանք տեղեկացրել են ոստիկանությանը։ Հորը հաջողվել է գտնել ութերորդ կայարանի մոտ՝ այն վայրից մոտ երեք ժամվա քայլքի հեռավորության վրա, որտեղ նա թողել էր որդուն։

Տղամարդու վերադարձից հետո ոստիկանները նրան նկատողություն են արել։ Աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ երեխային միայնակ թողնելն անթույլատրելի է, նույնիսկ եթե դրա համար պետք է հրաժարվել համատեղ վերելքից։ Տղամարդը ներողություն է խնդրել՝ իր որոշումը անվանելով չմտածված։

Ընտանիքը բարձրանում էր Ֆուձինոմիա երթուղով, որը սկսվում է Ֆուձիի հինգերորդ կայարանից։ Այնտեղից մինչև գագաթ սովորաբար ճանապարհը տևում է մոտ հինգ ժամ, իսկ իջնելը՝ ևս մոտ երեք ժամ։

3776 մետր բարձրությամբ Ֆուձի լեռը գործող հրաբուխ է և Ճապոնիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ամեն տարի այն բարձրանում են մոտ 200 հազար մարդ։ 2013 թվականին Ֆուձին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *