
Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Տիգրանաշենի (Քյարքի) և այլ տարածքների պատկանելության վերաբերյալ, մեծ աղմուկ է բարձրացրել հանրային և քաղաքական դաշտում։
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատումն իրականացնում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և առաջնորդվում են այդ պահին գոյություն ունեցող քարտեզներով։ «Հիմա այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի. սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- հայտարարել է վարչապետը։ Վարչապետի այս հայտարարությունից հետո սոցիալական հարթակներում քննադատության մեծ ալիք է բարձրացել: Օգտատերերը համատարած հիշեցնում են իշխանական տարբեր պաշտոնյաների նախկին պնդումները, թե Տիգրանաշենը հանձնման ենթակա չէ։ Նմանօրինակ հայտարարությամբ 2023 թվականին հանդես էր եկել նաև Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Վերջինս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում վստահեցրել էր, թե «որևէ պարագայում Տիգրանաշենը թուրքին չի հանձնվելու»։
Նախկին մարզպետի շահագրգռվածությունը Տիգրանաշենի հարցում միայն քաղաքական չէ։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս համայնքում Թևոնյանը տիրապետում է շքեղ երկհարկանի առանձնատան, հեկտարներով ընդարձակ այգիների և խոշոր բիզնեսների։ Ըստ մամուլի հրապարակումների և հենց իր՝ նախկին պաշտոնյայի խոստովանությունների, նա անձամբ է հիմնադրել այդ տնտեսությունը՝ կատարելով շուրջ 200 000 դոլարին համարժեք հսկայական ներդրում։
Այս առանձնատունը տարիներ շարունակ ծառայել է որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էլիտայի յուրօրինակ հավաքատեղի։ Լրատվամիջոցների և տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այստեղ պարբերաբար կազմակերպվել են իշխանական ճոխ խնջույքներ ու կուլիսային քաղաքական քննարկումներ, ինչի պատճառով գույքը ստացել էր «իշխանական նստավայրի» համբավ։
«Հրապարակ»-ը փորձել է կապ հաստատել Ռազմիկ Թևոնյանի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը վարչապետի վերջին հայտարարության և սեփական գույքը կորցնելու վտանգի վերաբերյալ։ Առաջին հարցին, թե ինչպես է վերաբերվում «Քյարքին Հայաստանի տարածք չէ» պնդմանը, նախկին մարզպետը կարճ պատասխանել է, թե զբաղված է և իրեն հարմար չէ խոսել։ Հաջորդ հարցին՝ արդյո՞ք չի մտահոգվում սեփական առանձնատունը կորցնելու հեռանկարով, Թևոնյանը, հարցը լսելուն պես, անմիջապես անջատել է հեռախոսազանգը։