Politico. Գերմանիան գրեթե €12 մլրդ կծախսի հեռահար զենքի վրա

Գերմանիան նախատեսում է գրեթե €12 մլրդ ծախսել հեռահար զենքի զինանոցի ստեղծման վրա, որը կկարողանա խոցել թիրախներ հարյուրավոր և հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, հայտնում է Politico-ն՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության փաստաթղթերին։

Նոր սպառազինությունները պետք է հնարավորություն տան գերմանական զորքերին հարվածներ հասցնել հակառակորդի խոր թիկունքում գտնվող օբյեկտներին, ներառյալ հրամանատարական կետերը, օդանավակայանները, արձակման կայանքները և մատակարարման կենտրոնները։ Փաստաթղթերում այս ծրագիրն անվանվում է Գերմանիայի և ՆԱՏՕ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Բեռլինը հույս ունի ստանալ «հակառակորդի խոր թիկունքում» սովորական հարվածներ հասցնելու հնարավորություն՝ միաժամանակ պահպանելով միջուկային շեմից ցածր սպառնալիքներին արձագանքելու կարողությունը։ Ծրագիրը բաղկացած է չորս ուղղություններից, որոնցից առաջինները նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ տարի, իսկ առավել կատարելագործված համակարգերը՝ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ ստեղծել հաջորդ տասնամյակի կեսերին։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ միջոցները դեռևս հաստատված չեն։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունում հաստատել են, որ համապատասխան նախագծերը պահանջում են Բունդեսթագի հավանությունը։

Առաջինը սպառազինության կարող է ընդունվել էժան թևավոր հրթիռ, որի զանգվածային արտադրությունը Գերմանիան հույս ունի սկսել 2027 թվականին։ Քննարկվող տարբերակների թվում են ամերիկա-իսրայելական Covenant Industries ընկերության Anthem հրթիռը, չնշված ուկրաինական արտադրողի BARS-ը և ուկրաինական Fire Point ընկերության Flamingo-ն։ Երկու մատակարարների հետ Բեռլինը բանակցություններ է վարում պայմանագրեր կնքելու շուրջ, իսկ փորձարկումների և որակավորման համար առաջին հրթիռները նախատեսվում է ստանալ արդեն հաջորդ տարի։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ Ուկրաինայում պատերազմը ցույց է տվել համեմատաբար էժան հրթիռների և անօդաչու սարքերի արդյունավետությունը, որոնք կարելի է զանգվածաբար կիրառել հակառակորդի հակաօդային պաշտպանությունը գերբեռնելու համար։

Երկրորդ ուղղությունը ամերիկյան Tomahawk-ներն են։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախկինում հայտարարել էր, որ Բեռլինը Վաշինգտոնի հետ պայմանավորվել է այս հրթիռները ձեռք բերելու և դրանք Գերմանիայում տեղակայելու մասին։ Ըստ ներքին փաստաթղթերի, ամերիկյան Typhon արձակման կայանքներով և Tomahawk հրթիռներով սկզբնական հնարավորությունները պետք է ի հայտ գան տասնամյակի վերջում։

Զուգահեռաբար Գերմանիան Մեծ Բրիտանիայի հետ միասին մշակում է սպառազինության ևս երկու ավելի բարդ տեսակ՝ նոր թևավոր հրթիռ և հիպերձայնային պլանավորող մարտական բլոկ։ Դրանց հեռահարությունը պետք է գերազանցի 2 հազար կմ-ը, իսկ սկզբնական հնարավորությունները նախատեսվում է ստանալ հաջորդ տասնամյակի կեսերին։

Հենց գերմանա-բրիտանական համատեղ նախագծերն են կազմում ենթադրվող ծախսերի հիմնական մասը։ Փաստաթղթերից մեկի համաձայն, այս համակարգերի մշակման և գնման համար կպահանջվի մոտ €9 մլրդ, ևս €182 մլն՝ դրանց շահագործման համար։ Եվս €1,8 մլրդ նախատեսված է թևավոր հրթիռների մշակման և գնման համար, իսկ €97 մլն՝ դրանց սպասարկման համար։

Այսպիսով, Գերմանիան միաժամանակ մտադիր է ստեղծել հեռահար սպառազինությունների մի քանի մակարդակ՝ էժան հրթիռներ զանգվածային կիրառման համար, ամերիկյան Tomahawk-ներ՝ որպես ավելի արագ տարբերակ, և հեռանկարային եվրոպական մեծ հեռահարության համակարգեր։

Ծրագիրն իրականացվում է այն պայմաններում, երբ գերմանացի ռազմական ղեկավարները նախազգուշացնում են, որ Ռուսաստանը տասնամյակի վերջում կարող է ստանալ ՆԱՏՕ-ի տարածքին հարվածելու հնարավորություն։ Բեռլինը ձգտում է ապահովել, որպեսզի ռուսաստանյան ռազմական օբյեկտները անհասանելի չհամարվեն միայն այն պատճառով, որ դրանք հեռու են ռազմաճակատի գծից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *