
«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային բաղադրիչն է. դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունն այլ պետություններից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեծամորի ԱԷԿ-ն արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը երկար տարիներ հանրապետությանը հնարավորություն է տվել խթանել տեխնոլոգիական առաջընթացը և զարգացնել արդյունաբերությունը։
Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է։
Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության ենթադրյալ սպառնալիքների մասին շրջանառվող լուրերը դիտարկում է որպես ռուս-հայկական էներգետիկ հարաբերություններում սեպ խրելու, ինչպես նաև տարածաշրջանի համար վնասակար և անվտանգության տեսանկյունից ռուսականին էապես զիջող արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները խթանելու փորձ»,- նշել է Զախարովան։