Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Facebook-ի իր էջում գրում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

«Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում:

Կարելի է երկար հաշվել՝ քանի քառակուսի կիլոմետր է Տիգրանաշենը, որքան՝ Արծվաշենը, և վերջում նույնիսկ ստանալ Հայաստանի համար «դրական» տարածքային հաշվեկշիռ։ Բայց աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։

Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը:

Հանձնելով Տիգրանաշենը՝ Հայաստանը փաստացի Բաքվի համար ինքնիշխան տարածք է ապահովում Երևան-Վայոց ձոր-Սյունիք-Իրան ռազմավարական հաղորդակցության անմիջական հանգույցում։ Այստեղով է անցնում M2 միջպետական մայրուղու շուրջ 4.5 կմ հատվածը։

Այլ կերպ ասած՝ խնդիրը ոչ թե գյուղ կորցնելն է, այլ սեփական տարածքային հաղորդակցությունների նկատմամբ լրացուցիչ խոցելիություն ստեղծելը։

Իսկ ի՞նչ ենք ստանում դիմացը։

Արծվաշեն։ Ավելի մեծ տարածք, բայց Ադրբեջանի տարածքով շրջապատված և Հայաստանի հիմնական հաղորդակցային համակարգից կտրված։ Այսինքն՝ տարածքային ձեռքբերում՝ խիստ սահմանափակ ֆունկցիոնալ արժեքով, հաղորդակցային զիջման դիմաց՝ բարձր ռազմավարական արժեքով։

Ավելին՝ նոր կոնֆիգուրացիան ոչ թե պարզեցնում է հայ-ադրբեջանական սահմանը, այլ դարձնում այն ավելի բարդ։ Ստեղծվում է նոր անցակետերի, հատուկ ռեժիմների, ճանապարհային շրջանցումների, անվտանգության երաշխիքների և մշտական բանակցությունների անհրաժեշտություն։

Եվ այս ամենը՝ այնպիսի միջավայրում, որտեղ կողմերի միջև ռազմավարական վստահությունը, մեղմ ասած, շատ ցածր է։

Սահմանազատման իմաստը պետք է լինի սահմանների ապակոնֆլիկտայնացումը, ոչ թե նոր կոնֆլիկտային հանգույցների ձևավորումը։

Հետևաբար, Տիգրանաշեն-Արծվաշեն խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «մերը՝ մեզ, ձերը՝ ձեզ» պարզունակ բանաձևով, այլ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արժեքի տեսանկյունից։

Որովհետև քարտեզի վրա 1 կմ²-ը միշտ 1 կմ² է։

Աշխարհաքաղաքականության մեջ՝ երբեք»,- նշել է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *