Սնուկերի աշխարհի նախկին չեմպիոն Գրեհեմ Դոթը երկուշաբթի մեղավոր է տանաչվել տասնամյակներ առաջ երկու երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։ Վճիռը կայացվել է Շոտլանդիայում ընթացող դատավարության արդյունքում, հայտնում է Reuters-ը։
49-ամյա Դոթին «անվայել, անբարո և սանձարձակ վարքագծի» երկու մեղադրանք էր առաջադրվել․ դեպքերից մեկը տեղի էր ունեցել 1993-1996 թվականներին՝ աղջկա, իսկ մյուսը՝ 2006-2010 թվականներին՝ տղայի նկատմամբ
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դոթը սեռական ոտնձգություններ է կատարել աղջկա նկատմամբ, մերկացել է նրա առջև և ստիպել դիպչել իրեն։ Բացի այդ, նրան մեղադրում են տղային սեռական բնույթի ակնարկներ անելու և նրա սեռական օրգաններին դիպչելու մեջ։
Դոթը հերքում էր իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն Գլազգոյի Բարձրագույն դատարանում ընթացող քննության ավարտին նա մեղավոր ճանաչվեց։ Նրա պատժաչափը կհայտարարվի հաջորդ ամիս։
Գրեհեմ Դոթը սնուկերի աշխարհի չեմպիոն է դարձել 2006 թվականին՝ եզրափակչում 18:14 հաշվով հաղթելով Փիթեր Էբդոնին։ 2004 և 2010 թվականներին նա հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց զբաղեցրել է երկրորդ տեղը։
Անցյալ տարի մեղադրանքների մասին հայտնի դառնալուց հետո Պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի համաշխարհային ասոցիացիան (WPBSA) կասեցրել է մրցաշարերում Դոթի մասնակցությունը։