
Հարցազրույց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման անդամ Կարեն Ղազարյանի հետ
– Գնում եք Բագրատ սրբազանի եւ մյուս 16 «արդարների» դատին: Դատվում են նաեւ Հոգեւոր խորհրդի անդամ սրբազանները, Վեհափառը: Կարո՞ղ ենք ասել, որ Հայ եկեղեցին է կանգնել քաղաքական ինկվիզիցիայի առաջ:
– Երբ դատում են մեր սրբազաններին, ոչ միայն Բագրատ սրբազանին եւ Վեհափառին, դա նշանակում է, որ դատում են ոչ այնքան անձին, որքան հայի հավաքական խիղճը, հայի կամքն են դատում` փորձելով ինչ-որ կերպ ջարդել հայի մեջ այն, ինչը սկիզբ է առել դեռ 5 հազար տարի առաջ եւ մնացել է, ցավոք, շատ փոքր թվով հայերի մեջ այսօր: Բնական է, շատերն են մոլորվել, հավասարվել այսօրվա իշխանությունների գաղափարներին: Բայց կան մարդիկ, ովքեր չեն համակերպվում, չեն ընդունում սրանց գաղափարները: Չեն ընդունում Արցախի կորուստը, հայրենիքի որեւէ կտորի հանձնումը եւ դրա համար պայքար են տանում: Իսկ ինչ վերաբերում է սրբազաններին դատելուն, կոնկրետ Բագրատ սրբազանին դատելուն, երբ սկիզբ առավ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը, փորձում էին ամեն կերպ, հենց էն գլխից, մարել այդ ամեն ինչը, բայց չստացվեց: Հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ դարձան հետեւորդ Բագրատ սրբազանին: Պիտի այդ մարդկանց կամքը կոտրեն: Դա է պատճառը՝ Բագրատ սրբազանին դատելու:
– Այսօր Հայաստանի դատարաններում դատվում են Հայաստանը սիրողնե՞րը, ովքեր պայքարում են, որ չկործանվի մեր երկիրը:
– Այո, ոչ միայն հոգեւորականներն են դատվում: Ես առանձնացրի, որովհետեւ, երբ աշխարհիկ մարդիկ են դատվում, այլ հայացքով ես նայում, իսկ երբ բարձրաստիճան հոգեւորականներն են դատվում, մեկ այլ հայացքով ես նայում: Սրանց՝ իշխանության գալուց հետո երեւի 7-8, գուցե 10 նմանատիպ դեպքեր են հրապարակել, թե իբր ինչ-որ զինված մարդիկ կամ խմբեր կան, որ պետք է իշխանություն վերցնեին: Այդ բոլոր մեղադրանքները ձախողվել, փլուզվել են դատարաններում: Այսօր չկա մեկ մարդ արդեն, որը պատասխանատվություն է կրում պետության հանդեպ ահաբեկչություն կատարելու մեղադրանքով: Բոլորը մտացածին, հորինված քրեական գործեր են, որոնք էլ դատարաններում մշտապես ձախողվում, փլուզվում են: Հայտարարում են, թե իբր պետական գաղտնիք են հրապարակել, ձերբակալում են, իսկ հետո տնային կալանք են տալիս: Եթե մարդը պետության հանդեպ կատարել է հանցագործություն, ո՞նց է ազատության մեջ: Ահաբեկչական մեղադրանքով մարդուն կալանավորում են եւ չեն կարողանում մեղքն ապացուցել: Այսօր 18 «արդարներից» 2-3-ն են տնային կալանքի մեջ, մնացած բոլորն ազատության մեջ են: Ըստ իրենց՝ այդ ահաբեկչական խմբին կալանավորել, մեկուսացրել են հասարակությունից որպես շատ վտանգավոր մարդկանց ու բաց թողել: Դատարանները չեն կարողանում այդքան շինծու մեղադրանքներով պահել քրեակատարողական հիմնարկներում եւ ստիպված ազատում են՝ չունենալով ոչ մի հիմք: Ձեւականորեն տնային կալանք են տալիս, հետո՝ վարչական վերահսկողություն, որը նույնպես վերացնում են:
– Վեհափառի եւ մյուս դատվողների մեղքը ո՞րն է, որ ասում են` բռնազավթված Արցա՞խ, որ Արցախում ավերվում են քրիստոնեական հուշարձաննե՞րը, որ բարձրաձայնում են արցախահայության վերադարձի արդար իրավո՞ւնքը:
– ՔՊ-ի ղեկավարն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ, այո, ես հանձնարարել եմ Վեհափառի նկատմամբ քրեական գործ հարուցել այն բանի համար, որ նա «Արցախ» տեղանունն է օգտագործել: Արցախը դրանց համար դարձել է կոկորդի փուշ, թշնամի: Սրանք վախենում են ոչ այնքան այստեղի հայից, որքան իրենց իշխանությունը կորցնելուց, որը պահելուն օգնում են թուրքն ու ադրբեջանցին: Փաշազադեի ցանկացած հրահանգ այս իշխանությունները հաջորդ օրն իրականացնում են: Ամեն ինչ անում են, որ մեզ պահեն թուրք-ադրբեջանական առկախյալ վիճակում: Ատոմակայանը փակեն, տնտեսական բոլոր լծակներից զրկեն եւ այլն: Այս մարդիկ մեր ապրելը փորձում են սարքել Ադրբեջանի բարի կամքի դրսեւորում: Եթե այսօր չենք մեռել դեռ, ուրեմն ադրբեջանցիներն են մեզ սիրել եւ պահել:
– Բաքվում դատվում է Հայաստանը, իսկ Երեւանում դատվում է Արցախը: Կարո՞ղ ենք հասկանալ, թե ինչ դուետ է սա:
– Հայ ժողովրդի նկատմամբ գործող ամենամեծ թշնամանքն է, որը տանում են առաջ թե՛ Բաքվի իշխանությունները, թե՛ Երեւանում կառավարությունը զավթած այս խումբը: Նույն կենտրոնին ծառայող, նույն շահը սպասարկող մարդիկ են: Երբ Բաքվում դատվում են հայ ռազմագերիները, նրանց դատում են 30 տարի թշնամուն ծնկի բերելու համար: Իսկ Հայաստանում դատվում են այն մարդիկ, ովքեր օգնել են էդ մարդկանց՝ թշնամուն ծնկի բերած պահին: Չկա մի մարդ, որն անցնում է քրեական գործով եւ կապ չի ունեցել Արցախի հետ, ազատագրման հետ, էս իշխանությունների օրոք ձեւավորված շարժումների հետ: Չկա, պարզապես չկա: Էն հոգեւորականները, որ դատվում են, առաջնորդել են ժողովրդին, իսկ այն հոգեւորականները, որոնք չդատվեցին եւ դարձան նիկոլական, ինչ-ինչ կերպ սրիկայական ինչ-որ գործողությունների միջով են անցել, դարձել են էս իշխանությունների հավատավորները: Կա՛մ պիտի լինես նիկոլական, կա՛մ պիտի դատվես Հայաստանում: «Արցախ» անունը դարձել է ամենավտանգավոր բառերից մեկը Հայաստանում, անձի ազատությանը սպառնացող բառ է դարձել:
– Կարո՞ղ ենք ասել, որ Երեւանում մեր կառավարությունը համատեղ գործում է Բաքվի եւ Անկարայի իշխանությունների հետ:
– Միանշանակ, միմյանց կապված իշխանություններ են: Կարծես Ալիեւի նշանակած ինչ-որ մարզպետ լինի Փաշինյանը: Եվ չի կարող Ադրբեջանի որեւիցե մի մարզում նշանակված մարզպետը հակառակ աշխատի Ալիեւին կամ Էրդողանին: Մեր ժողովուրդը չունեցավ այնքան խոհեմություն ու հասկացողություն, որ կարողանար խաղաղ ճանապարհով ձերբազատվել սրանցից: Ամեն դեպքում, Թուրքիայի եւ Ադրբեջանի նշանակած մարդիկ են սրանք՝ բոլորը, եւ ցանկալի են միայն այդ երկու երկրներին: Իսկ մեզ թշնամի երկրների նպատակը մենք գիտենք, առհասարակ՝ Հարավային Կովկասից դուրս մղելն է մեզ, եւ չեն էլ թաքցնում դա:
– Փաստորեն, Երեւանում նստած կառավարությունը՝ իր պարագլխով հանդերձ, Ալիեւի եւ Էրդողանի գործակատա՞րն է:
– Այդ զիջողական շղթան ավարտվելու է մի օր, եւ դա լինելու է այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին զրկվի իշխանությունից: Երբ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ խումբն այլեւս Հայաստանում իշխանություն չեն լինի, չի լինի նաեւ այս անդունդ գլորվող ընթացքը: Այսինքն՝ ինչ է մնում հայ մարդուն անելու, եթե ինքն ունի նպատակ՝ ապագա 100 կամ 1000 տարվա ռազմավարություն մշակել իր երկրում․ նա առաջին հերթին պետք է շեշտը դնի Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու վրա: Հակառակ բոլոր դեպքերում ձախողվելու են: Նիկոլ Փաշինյանին զրկել իշխանությունից եւ անցնել առաջ:
– Բայց դեռ շարունակվում է փաշինյանական ընթացքը` օր-օրի թուրք-ադրբեջանական պահանջները կատարելով: Ի՞նչ սպասենք:
– Եթե այս ընթացքը շարունակվի, մենք վաղը Հայաստան չենք ունենալու: Ունենալու ենք տարածք, որտեղ կբնակվեն փոքրամասնություն հայեր, եւ այդ հայերին կհանդուրժեն այնքան ժամանակ, ինչքան կկատարեն իրենց կամքը: Հենց խոսեն իրենց հայ լինելու մասին, իրենց արմատի մասին, նրանք չեն ապրի այս տարածաշրջանում անգամ: Պարզապես կցեղասպանվեն, կարտաքսվեն, եւ հայեր այլեւս չեն լինի: Իսկ Հայաստան պետության մասին անգամ խոսք լինել չի կարող: Էս ընթաքը տանում է Հայաստանի ոչնչացման:
– Արցախը կորցնելով՝ մենք տվեցինք «թուրանական» միջանցք՝ Սյունիքով: Իսկ հանձնելով Տիգրանաշենը` Հայաստանն է կիսվում Արարատի մարզով: Ադրբեջանը լիարժեք վերահսկողություն է ունենում Արարատյան դաշտի նկատմամբ` ներառյալ Երեւանը: Մենք մեր երկրի անկման ճանապա՞րհն ենք բռնել:
– Եթե ինչ-որ մի պահ մենք մտածենք, որ էս մի կտոր հողն էլ տալով Ալիեւի ծավալապաշտական ախորժակը բավարարվելու է, չարաչար պիտի սխալված լինենք: Կտանք մեկը` կտանք հաջորդը, հետո` հաջորդ հաջորդը, էնքան կտանք, մինչեւ վերջին պատառ հողը: Արցախը հանձնեց Նիկոլը եւ հանձնում է Սյունիքը` անունը չգիտեմ ինչ դնելով: Տալիս է Տիգրանաշենը: Տավուշի մարզում դեռ կան նախկին ադրբեջանաբնակ տարածքներ, որ տալիս է: Իջեւան խոշորացված համայնքի մաս կազմող Այգեհովիտ, Կայանավան, Վազաշեն գյուղերը կտրվում են համայնքային կենտրոն Իջեւանից, մնում են շրջափակման մեջ: Հանձնվում է Ոսկեպարը` Նոյեմբերյան խոշորացված համայնքի մաս կազմող, որ կտրվում է համայնքային կենտրոնից եւ ամբողջովին պառակտում է Հայաստանը: Ստեղծվում է քաոս, եւ չգիտես, թե դրա առաջն ինչպես պետք է առնվի:
– Հանձնելով Տիգրանաշենը` Ադրբեջանը երկու կողմից անցակետ է դնում միջպետական մայրուղու վրա, բացառված չէ, որ զորք տեղակայի: Հնարավոր համարո՞ւմ եք սադրանքն ու ռազմական բախումը:
– Սադրանքներ պարտադիր լինելու են` ինչպես Հաքարիի կամրջի վրա էր լինում: Անցանկալի անձանց, ոչ միայն Ադրբեջանի համար, նաեւ Հայաստանի, ձերբակալելու եւ տեղափոխելու են Բաքու, ինչպես Արցախի դեպքում էր: Այսպես մենք քայլ առ քայլ գնում ենք Հայաստանի անկման: Նույն Արցախի ճակատագիրը սպասվում է Հայաստանին: Նույն սցենարն է շարունակվելու: Ժամանակի հարցն է տարբերությունը, Արցախում կարճ էր, Հայաստանում կարող է մի փոքր երկարել: Ինն ամիս տեւեցին Արցախի շրջափակումն ու անկումը, Հայաստանինը կարող է տեւել մի երեք տարի: Խնդիրը դա է: