Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանն այսօր՝ օգոստոսի 27–ին, ԱԺ–ում չընտրվեց խորհրդարանի Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ձայները բաշխվեց հետևյալ կերպ. կողմ՝ 38, դեմ՝ 63, անվավեր՝ 1։ 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնեց՝ «խմբակցությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում և նաև այսօր իշխող ՔՊ խմբակցության ժողովրդավարական քայլերը և նախագահի թեկնածուին չընտրելը, «Ուժեղ Հայաստան» կուսակությունը ներկա պահին չի առաջադրում նածագահի թեկնածու և հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է, ԱԺ կանոնակարգ օրենքով և օրենսդրությամբ սահմանված ժամկետում»:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ թեև ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չի ընտրվել, սակայն առաջադրման իրավունքը պատկանում է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և նրանք դա կարող են անել հետո:

«Հետևաբար, այս փուլում, այս նստաշրջանի շրջանակում մենք ավարտեցինք հանձնաժողովների ձևավորումը, հարցի քննարկումն ավարտեցինք»,- ասաց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները փակ քվեարկության արդյունքում չընտրվեցին առաջադրված պաշտոններում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կարգի համաձայն, վերոնշյալ երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրել էր նոր թեկնածուների: Ըստ այդմ՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիանա Մանուկյանը, իսկ երեկ էլ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *