Ռուսաստանի տեղեկատվական տարածքում կարող եմ բերել չափազանց դրական ֆոնի հրաշալի օրինակ, որը ստեղծում էր և, մասնավորապես, գործում էր Ադրբեջանում Sputnik-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի քննադատությանը։
«Սա մասնակցություն էր կառուցողական տեղեկատվական ֆոնի ստեղծմանը՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Այնտեղ չկային նյութեր և տեղեկություններ, որոնք ադրբեջանական կողմի մոտ կարող էին առաջացնել որևէ խնդրահարույց հարց։ Ցավոք, ադրբեջանական կողմը դադարեցրեց այդ զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը իր երկրի տարածքում։
Իսկ լրագրողները կալանքից հետո միայն բազմաթիվ ամիսներ անց վերադարձան տուն։
Բաքվում համապատասխան ուժերը փակեցին այդ զանգվածային լրատվության միջոցը։ Այդ հարցի վերաբերյալ նրանք հնչեցրել էին իրենց դիրքորոշումը, որի հետ մենք ոչ մի կերպ չէինք կարող համաձայնել։
Մենք պարբերաբար ադրբեջանական կողմին փոխանցում ենք Ադրբեջանի բլոգոլորտից նյութեր՝ բացահայտ հակառուսական բովանդակությամբ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։
Սա քննադատություն չէ և ոչ էլ տեսակետ, սա մոլեգնություն է՝ օբյեկտիվության քողի տակ, և ադրբեջանական կողմը դրա մասին գիտի։
Մենք պարբերաբար անցկացնում ենք համապատասխան խորհրդակցություններ և շփումներ, բարձրացնում ենք այս հարցերը, փոխանակվում ենք համապատասխան նյութերով։
Կարծում եմ՝ Ադրբեջանի դեսպանը Մոսկվայում ևս շատ լավ գիտի, թե ինչպես ենք մենք նպաստում հարցերի հարթմանը, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հանդեպ անարժան նյութերին։
Բայց կրկին ասում եմ՝ ստեղծվել էր և հրաշալի աշխատում էր զանգվածային լրատվության միջոց, որը կառուցում էր տեղեկատվական տարածք՝ կառուցողական, արժանապատիվ դիրքերից, բայց ինչ-ինչ պատճառներով այն փակեցին», — նշել է Զախարովան։