Երևանի «Փարքինգ սիթի» ծրագրի 2026 թվականի ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշվային փաստաթուղթը մի պարզ, բայց աղմկահարույց պատկեր է բացում․ հարյուր միլիոնավոր դրամների շրջանառություն և գրեթե զրոյական շահույթ պետության համար։
Փաստաթղթում նշված է՝ ընդհանուր եկամուտներ՝ 422,633,300 դրամ, ընդհանուր ծախսեր՝ 421,011,700 դրամ, տարեկան մաքուր շահույթ՝ 1,621,600 դրամ։ Այսինքն՝ 422 մլն դրամ եկամուտից պետությանը մնում է ընդամենը 1.6 մլն դրամ կամ՝ գումարների միայն 0.3%-ը։
Սա այն դեպքում, երբ ծրագրի շուրջ տարիներ շարունակ խոսվել է որպես բյուջեի լուրջ եկամտի աղբյուրի մասին։ Այսպիսով՝ գրեթե ամբողջ եկամուտը «ուտվում է» հետևյալ ուղղություններով՝ աշխատավարձեր և սոցիալական վճարներ, տեխնիկական սպասարկում, կառավարման և վարչական ծախսեր, ծառայությունների ձեռքբերում և այլ ընթացիկ վճարներ։
Հանրությունը մշտապես համեմատություն է կատարում՝ փաստելով, որ նախկինում («Սաշիկի» կառավարման ժամանակաշրջանում) այս ոլորտից պետության բաժինը հասնում էր մինչև 50 տոկոսի։ Ներկայիս փաստաթուղթը, սակայն, ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր․ եթե ընդունենք, որ նախկինում մինչև 50% էր, ապա այժմ՝ մոտ 0.3%։
Եթե այս համեմատությունը համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը գնում է ոչ թե պարզապես տարբերության, այլ կտրուկ անկման մասին։
Հիշեցնենք՝ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը Երևանի վճարովի ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) համակարգը ներդրողն ու սպասարկողն էր, որի անունը 2018 թվականի «հեղափոխության» ժամանակ և դրանից առաջ սերտորեն կապվում էր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ։
«Կարմիր գծերի» թեման տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգում։ Նիկոլ Փաշինյանի խոստումները՝ կապված Ալեքսանդր Սարգսյանի 50/50 փայաբաժինների բացահայտման հետ, եղել են 2018 թվականի թավշյա հեղափոխության առանցքային թեզերից մեկը։
Թե՛ «հեղափոխությունից» առաջ, թե՛ հետո, Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, տասնամյակներ շարունակ «փայ է մտել» տարբեր բիզնեսներում՝ խլելով դրանց եկամուտների 50%-ը: Նա վստահեցնում էր, որ համակարգը պետք է ծառայի հանրային շահին և ապահովի բյուջեի լուրջ մուտքեր։
Փաշինյանը պնդում էր, որ արագաչափերից ստացվող գումարները գնում են Սաշիկ Սարգսյանի «գրպանը», և խոստանում էր վերացնել այդ համակարգը կամ դրա կոռուպցիոն սխեմաները:
2018թ. սեպտեմբերին Փաշինյանը հրապարակային մեկ շաբաթ ժամանակ տվեց Սաշիկ Սարգսյանին՝ բանկերում ունեցած իր միլիոնավոր դոլարները պետբյուջե վերադարձնելու համար: Նրա նկատմամբ հարուցվեցին մի քանի քրեական գործեր, այդ թվում՝ ապօրինի հարստացման և խարդախության մեղադրանքներով: 2019 թվականին հայտնի դարձավ, որ Սաշիկ Սարգսյանը շուրջ 18,5-30 միլիոն դոլար (տարբեր տվյալներով) «նվիրաբերել» կամ փոխանցել է պետական բյուջե՝ որպես վնասի վերականգնում:
Չնայած խոստումներին, տարիներ անց Փաշինյանը խոստովանել է, որ քննչական մարմիններին չի հաջողվել իրավականորեն հիմնավորել և բացահայտել կոնկրետ դեպքեր, երբ Սաշիկ Սարգսյանը «50/50» սխեմայով բիզնեսներ է խլել:
Իսկ ի՞նչ ունենք այսօր․ ներկայացված թվերը ցույց են տալիս, որ հարյուր միլիոնների շրջանառությունը չի վերածվում պետական եկամտի։ Հիմնական հարցերը, թերևս սրանք են՝ ինչո՞ւ է 422 միլիոն դրամից պետությանը մնում ընդամենը 1.6 միլիոն, և ովքե՞ր են իրականում շահում այս համակարգից։
Վերլուծելով այս ամենը, գալիս ենք այն եզրակացության, որ համաձայն փաստաթղթի՝ փող կա, բայց արդյունք՝ գրեթե չկա։
Ընդդիմադիրները և հանրության մի հատված հաճախ հիշեցնում են Փաշինյանի խոստումները՝ նշելով, որ «50/50»-ի մասին թեզը մնաց որպես քաղաքական լոզունգ, քանի որ դատարանում այդպես էլ չապացուցվեց բիզնեսների համատարած «ռեկետի» փաստը:
Ավելին, քննադատության առարկա դարձավ նաև այն փաստը, որ քրեական գործերի առկայության պայմաններում Սաշիկ Սարգսյանին թույլատրվեց մեկնել երկրից՝ բուժման կամ այլ նպատակներով։
Հասմիկ Մովսիսյան
