Համբուրգի նավահանգստում առգրավվել է 28,5 մլն եվրոյի մետամֆետամին՝ բրնձի պարկերում

Համբուրգի նավահանգստում հայտնաբերվել է մոտ 1,5 տոննա բյուրեղային մետամֆետամին, որը փորձել են ներմուծել Պակիստանից՝ բրնձի անվան տակ։ Խմբաքանակի արժեքը, ըստ քննության գնահատականի, կազմում է մոտ 28,5 մլն եվրո, հայտնում է Der Spiegel-ը։

Բեռը հայտնաբերվել էր դեռ մայիսի սկզբին՝ կոնտեյների ռենտգենային զննության ժամանակ։ Մի քանի հարյուր պարկերում հայտարարված բրնձի փոխարեն եղել է բյուրեղային նյութ։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ դա բյուրեղային մետամֆետամին է, որը հայտնի է որպես Crystal Meth։ Թմրանյութերն առգրավվել են, հայտնել է դատախազությունը։

Իրավապահ մարմինները առայժմ չեն հայտնաբերել նշաններ, որ խմբաքանակը նախատեսված էր իրացման համար Համբուրգում։

Եվրոպական նավահանգիստները արդեն մի քանի տարի օգտագործվում են հանցավոր խմբավորումների կողմից՝ թմրանյութերի մաքսանենգության համար։ Մարտին մաքսավորներն ու ոստիկանները Համբուրգում առգրավել էին 1,6 տոննա կոկաին, որը թաքցված էր բանանների խմբաքանակում։ Բեռը ժամանել էր Հարավային Ամերիկայից, իսկ թմրանյութերը հայտնաբերվել էին Էկվադորից ժամանած կոնտեյներում։ Այդ խմբաքանակի արժեքը գնահատվում էր մի քանի տասնյակ միլիոն եվրո։

Վերջին շրջանում Համբուրգի նավահանգստում տեղադրվում են հատուկ զննության համակարգեր, որոնք կոչված են ուժեղացնելու պայքարը թմրանյութերի հանցավոր շրջանառության դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *