Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի նորանշանակ դեսպաններին կոչ է արել միջազգային հարաբերություններում առաջնորդվել խաղաղության և հավասար համագործակցության սկզբունքներով։
Օգոստոսի 27-ին Թեհրանում հինգ նոր դեսպանների նշանակման արարողության ժամանակ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է խաղաղության և հավասար համագործակցության հանձնառության վրա։
«Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումը միջազգային ասպարեզում միշտ եղել է խաղաղության և համագործակցության վրա կենտրոնացած։ Դեսպանները պետք է այս դիրքորոշումը փոխանցեն միջազգային հանրությանը»,- ասել է նա։
Իրանի նախագահի խոսքով՝ էքսպանսիոնիզմը որևէ պետության երկարաժամկետ շահերն ապահովելու միջոց չէ։ «Ոչ մի երկիր չի կարող իր շահերն ապահովել չափազանց մեծ ամբիցիաների միջոցով։ Կայուն զարգացումը հնարավոր է միայն փոխշահավետ համագործակցության միջոցով»,- ընդգծել է նա։