Հարավկորեական Hyundai Motor ընկերությունը մտադիր է մինչև 2030 թվականը Եվրոպայում ներկայացնել 41 նոր կամ թարմացված մոդել, ներառյալ Genesis պրեմիում ապրանքանիշի ավտոմեքենաները, հայտնում է Autocar-ը։
Ընկերությունը խաղադրույք է կատարում եվրոպական շուկայի վրա՝ չնայած չինական ավտոարտադրողների կողմից աճող մրցակցությանը։
Նորույթների թվում կլինեն հատուկ Եվրոպայի համար մշակված կոմպակտ էլեկտրական քրոսովեր, միջին չափի էլեկտրական քրոսովեր և կոմերցիոն ավտոմեքենաներ։ Hyundai-ն ակնկալում է տարածաշրջանում էլեկտրամոբիլների վաճառքը գրեթե քառապատկել՝ 2025 թվականի 116 հազարից մինչև 2030 թվականը տարեկան ավելի քան 420 հազար մեքենա։
Էլեկտրական էքսպանսիան կսկսվի Ioniq 3-ից, որը կարտադրվի Եվրոպայում և շուկայում կհայտնվի արդեն այս տարվա վերջին։ Այնուհետև ընկերությունը կներկայացնի նոր կոմպակտ էլեկտրական քրոսովեր։ Ներքին այրման շարժիչով մոդելների շարքում սպասվում են նոր i20 հեչբեքը և Tucson-ի ավելի խոշոր իրավահաջորդը, որն այժմ Hyundai-ի ամենավաճառվող մոդելն է Եվրոպայում։
Ընկերությունը նաև դիտարկում է մեծացված ընթացքի պաշարով Santa Fe-ի նոր տարբերակի մատակարարումները Եվրոպա։ Այդպիսի ավտոմեքենան կարտադրվի ԱՄՆ-ում և, Hyundai-ի խոսքով, կհամատեղի էլեկտրամոբիլի հատկանիշները մեծացված ընթացքի պաշարի հետ։
Hyundai-ի՝ եվրոպական շուկայում ակտիվ ներդրումները շարունակելու որոշումը տարբերվում է որոշ ճապոնացի մրցակիցների ռազմավարությունից, այդ թվում՝ Nissan-ի և Honda-ի, որոնք կրճատում են ներդրումները տարածաշրջանում՝ առաջնահերթություն տալով ավելի շահութաբեր շուկաներին։
«Եվրոպան մոլորակի ամենամրցակցային տարածաշրջաններից մեկն է», — հայտարարել է Hyundai-ի գլխավոր տնօրեն Խոսե Մունյոսը։
Ավտոարտադրողների համար գլխավոր խնդիրներից մեկը մնում է չինական ընկերությունների հետ մրցակցությունը էլեկտրամոբիլների գնի հարցում։ Hyundai-ն պնդում է, որ կարողացել է հաջորդ սերնդի էլեկտրամոբիլների մարտկոցների ինքնարժեքը կրճատել 30%-ով։ Միևնույն ժամանակ ընկերությունը մտադիր է շարունակել շեշտը դնել ոչ միայն էլեկտրամոբիլների, այլև ՆԱՇ-ով ավտոմեքենաների և հիբրիդային մոդելների վրա։
Hyundai-ն նաև կշարունակի զարգացնել Genesis պրեմիում ապրանքանիշը՝ չնայած 2021 թվականին շուկա մուտք գործելուց հետո Եվրոպայում դեռևս համեստ արդյունքներին։ 2027 թվականին Genesis-ը ծրագրում է ներկայացնել մեծացված ընթացքի պաշարով էլեկտրամոբիլ, որը կկարողանա առանց վերալիցքավորման անցնել ավելի քան 1000 կմ։ Բացի այդ, պատրաստվում են խոշոր GV80 քրոսովերի հիբրիդային տարբերակը և GV90 էլեկտրական ամենագնացը։