Փորձագետները ենթադրություններ են անում ՀՀ իշխանությունների կողմից իրենց հակառակորդների վրա լայնածավալ հարձակման պատճառների շուրջ: Մի վարկածի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաշտվել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության վատ արդյունքների հետ․ նրա գլխավորած ուժը ստացել է ձայների 49.7%-ն, ինչը բավարար չէ Սահմանադրությունն ինքնուրույն փոփոխելու համար։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ իշխանությունները պատրաստվում են կայացնել ոչ ժողովրդական որոշումներ: Լայնածավալ բողոքի ցույցերից խուսափելու համար նրանք «մաքրում» են ընդդիմադիր դաշտը: Սա կարող է ներառել, մասնավորապես, որոշակի տարածքների փոխանցումն Ադրբեջանի վերահսկողությանը կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը․ գրում է «Известия»-ն։
Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների հետազոտական կենտրոնի հետազոտող Նիկոլայ Սիլաևը նշել է, որ ՀՀ իշխանությունները լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, ուստի՝ սկսել են դաժանորեն հետապնդել ընդդիմությանը: Ըստ նրա՝ Փաշինյանի քաղաքականությունը և ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև տատանումները հանգեցրել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը: Մոսկվան մի շարք սահմանափակումներ է սահմանել, ինչը վնասում է Հայաստանի տնտեսությանը, որը կախված է արտահանումից և տարանցիկ առևտրից:
Աղբյուրը հավելել է, որ այս պայմաններում՝ իշխող թիմը փորձում է հասնել երկու նպատակի՝ հետապնդելով ընդդիմությանը:
«Մի կողմից՝ Փաշինյանը կարծում է, որ ճնշում է գործադրում Մոսկվայի վրա: Հետապնդվող քաղաքական գործիչները, ենթադրաբար, շատ կարևոր են Ռուսաստանի համար, և Ռուսաստանը կցանկանա պաշտպանել նրանց, ինչը կդառնա գործարքի առարկա: Մյուս կողմից՝ այս ճնշումը հակառակորդների վրա ինքնին է իրականացվում: Ակնհայտ է, որ իշխող կուսակցությանը դժվար ժամանակներ են սպասվում, և բողոքի ցույցերը կարող են սրվել: Դա կանխելու համար որոշում է կայացվել նախապես հետապնդել ընդդիմությանը», – կարծում է նա:
Deutsche Welle-ն հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը «երկարատև լավ հարաբերություններ» ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի մասին բազմիցս հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախագահական վերջին ժամկետից հետո նա ղեկավար պաշտոն է ստացել Ռուսաստանի «ԱՖԿ Սիստեմա» խոշոր ներդրումային ընկերությունում, որն, ի թիվս այլնի, ակտիվորեն ներդրումներ է կատարում պետական նախագծերում։
Քոչարյանն ինքը հաստատել է իր բարեկամությունը Պուտինի հետ՝ ասելով, որ «զգացել է որոշակի քիմիա» իրենց միջև շփման երկրորդ տարում։ 2018 թվականի հուլիսին Ռոբերտ Քոչարյանն արդեն կալանքի տակ էր՝ 2008 թվականի մարտի 1-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերը ցրելու գործում իր դերակատարման համար, որոնց հետևանքով զոհվել էր 10 մարդ։