Գերմանական Isar Aerospace ընկերությունը դարձավ առաջին եվրոպական կոմերցիոն տիեզերական ընկերությունը, որին հաջողվել է արբանյակներ դուրսբերել ուղեծիր։ Spectrum հրթիռի արձակումը տեղի է ունեցել Նորվեգիայի Անդյոյա տիեզերակայանից, հաղորդում է dpa-ն։
28 մետր երկարությամբ հրթիռը մեկնարկել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:12-ին, և հատել տիեզերքի պայմանական սահմանը՝ Կարմանի գիծը՝ Երկրի մակերևույթից մոտ 100 կիլոմետր բարձրության վրա։ Spectrum-ը ցածր երկրամերձ ուղեծիր է հասցրել հինգ գիտական արբանյակ, որոնք մշակվել էին մի քանի համալսարանների կողմից, ինչպես նաև մեկ գիտական փորձարկում։
«Մենք բացել ենք եվրոպական տիեզերագնացության պատմության նոր գլուխը։ Մի քանի տարվա ընթացքում մեզ հաջողվել է հասնել այն բանին, ինչի համար եվրոպական տիեզերական ոլորտին պահանջվել են տասնամյակներ։ Այժմ Եվրոպան ունի ինքնիշխան հասանելիություն դեպի տիեզերք», — հայտարարել է Isar Aerospace-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Դանիել Մեցլերը։
Ըստ նրա, ընկերությունը մտադիր է արագորեն մեծացնել հրթիռների արտադրությունը, կատարել կուտակված պատվերները և բավարարել տիեզերական սարքերի արձակման ծառայությունների նկատմամբ աճող համաշխարհային պահանջարկը։
Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) գլխավոր տնօրեն Յոզեֆ Աշբախերը հրթիռի արձակումը պատմական իրադարձություն է անվանել։ «Spectrum-ը բառացիորեն կատարեց իր առջև դրված խնդիրը և իր օգտակար բեռները դուրս բերեց ցածր երկրամերձ ուղեծիր», — ասել է նա։
Isar Aerospace-ի համար սա Spectrum-ը գործարկելու երկրորդ փորձն էր։ Առաջին թռիչքը տեղի էր ունեցել անցյալ տարվա մարտին, սակայն հրթիռը մեկնարկից մոտ 30 վայրկյան անց ընկել էր ծովը։ Երկրորդ փորձնական արձակումը սկզբնապես նախատեսվում էր այս տարվա սկզբին, սակայն դրա նախապատրաստումը մի քանի անգամ դադարեցվել էր։
Բավարիական տիեզերական ստարտափը նախատեսում է այս տարի իրականացնել ևս մի քանի արձակում։ Spectrum-ի երրորդ հրթիռի կառուցումն արդեն ավարտական փուլում է։ Սերիական արտադրության անցնելուց հետո այս տեսակի հրթիռները կկարողանան ցածր երկրամերձ ուղեծիր դուրս բերել քաղաքացիական և ռազմական արբանյակներ։
Մյունխենի մոտակայքում հիմնված ընկերությունը հույս ունի տարեկան արտադրել մինչև 40 հրթիռ։ Ընդ որում, Isar Aerospace-ի պատվերներն արդեն ընդունված են մինչև 2028 թվականը և գնահատվում են մի քանի հարյուր միլիոն դոլար, թեև Spectrum-ը դեռ չի անցել սերիական արտադրության։
Ընկերության հաջողությունը ռազմավարական նշանակություն ունի Գերմանիայի և ԵՄ-ի համար, որոնք ձգտում են նվազեցնել կախվածությունը արտասահմանյան արձակման միջոցներից։ Այժմ եվրոպական արբանյակների մեծ մասը տիեզերք է ուղարկվում ամերիկյան SpaceX-ի օգնությամբ։ Isar Aerospace-ի տվյալներով, անցյալ տարի ԱՄՆ-ում իրականացվել է հրթիռների 198 արձակում, մինչդեռ Եվրոպայում՝ ընդամենը ութ։
Isar Aerospace-ի ստացած հարցումների մոտ 60%-ը բաժին է ընկնում ռազմական հատվածին, ավելի վաղ նշել էր Մեցլերը։ Ընկերությունն արդեն ներգրավել է ավելի քան 500 միլիոն եվրոյի ներդրումներ։ Վերջին խոշոր համաձայնագրերից է ESA-ի հետ 200 միլիոն եվրոյի պայմանագիրը՝ եվրոպական կրող հրթիռների մշակման արագացման ծրագրի շրջանակում։
Միևնույն ժամանակ Spectrum-ը դեռևս ի վիճակի չէ սարքեր դուրս բերել ավելի բարձր ուղեծրեր։ Այս խնդիրը լուծում է եվրոպական Ariane 6 հրթիռը, որի մշակմամբ զբաղվում է ֆրանս-գերմանական ArianeGroup-ը։ Ի տարբերություն Spectrum-ի՝ Ariane 6-ը պատկանում է ծանր դասին և կարող է հասցնել զգալիորեն ավելի խոշոր օգտակար բեռներ, այդ թվում՝ մոտ 36 հազար կիլոմետր բարձրությամբ գեոստացիոնար ուղեծիր։ Այս տարի տեղի է ունեցել Ariane 6-ի չորս արձակում։