Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը ներկայացվելու է Ազգային ժողով: BanksNews-ը տեղեկացավ, որ նախատեսվող բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից և պետական բյուջեից կպահանջեն տարեկան շուրջ 30 միլիարդ դրամի լրացուցիչ միջոցներ:
Նոր համակարգը հիմնովին փոխում է պաշտոնյաների և պետական ծառայողների աշխատավարձերի, հավելավճարների ու պարգևատրումների հաշվարկման տրամաբանությունը:
Պետական և քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձը հաշվարկվելու է բազային աշխատավարձի (83,200 դրամ) և յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված նոր գործակցի արտադրյալով (բոլոր գումարները ներկայացված են մինչև հարկումը)։
Բարձրաստիճան պաշտոնյաներ. ով որքան կստանա
| Պաշտոն | Ներկայիս աշխատավարձ (դրամ) | Նոր աշխատավարձ (2027թ. դրամ) |
| ՀՀ նախագահ | 1,660,000 | 2,662,400 |
| ՀՀ վարչապետ | 1,580,000 | 2,662,400 |
| ԱԺ նախագահ | 1,490,000 | 2,496,000 |
| Նախարարներ | 998,400 | 1,996,800 |
| ԱԺ հանձնաժողովի նախագահներ | 998,400 | 1,996,800 |
| Պատգամավորներ | 832,000 | 1,497,600 |
- ՀՀ նախագահ և վարչապետ. Երկուսի աշխատավարձերն էլ կհավասարեցվեն: Գործակիցները կդառնան 32, իսկ հիմնական աշխատավարձը՝ 2,662,400 դրամ (ներկայիս համապատասխանաբար 1.66 մլն և 1.58 մլն դրամի փոխարեն):
- ԱԺ նախագահ. Գործակիցը կդառնա 30, աշխատավարձը՝ 2,496,000 դրամ (ներկայիս 1.49 մլն-ի փոխարեն):շ
- Փոխվարչապետ. Գործակիցը՝ 26, աշխատավարձը՝ 2,163,200 դրամ:
- Նախարարներ և ԱԺ հանձնաժողովների նախագահներ. Աշխատավարձը կկրկնապատկվի. գործակիցը՝ 24, աշխատավարձը՝ 1,996,800 դրամ (998,400 դրամի փոխարեն):
- Պատգամավորներ. Աշխատավարձը կաճի 80%-ով. գործակիցը՝ 18, աշխատավարձը՝ 1,497,600 դրամ (832,000 դրամի փոխարեն): Պատգամավորական գործունեության համար ամսական 250,000 դրամ անփոփոխ փոխհատուցումը պահպանվում է:
- Փոխնախարարներ և մարզպետներ. Գործակիցը՝ 17.5, աշխատավարձը՝ 1,456,000 դրամ:
- Պատգամավորի օգնական. Գործակիցը՝ 5, աշխատավարձը՝ 416,000 դրամ:
Քաղաքացիական և պետական ծառայության համակարգում սահմանվում են միասնական գործակիցներ.
- Գլխավոր քարտուղար. Գործակիցը՝ 14 (1,164,800 դրամ):
- Վարչության պետ, գրասենյակի ղեկավար. Գործակիցը՝ 9 (748,800 դրամ):
- Վարչության պետի տեղակալ, խորհրդական. Գործակիցը՝ 7 (582,400 դրամ):
- Բաժնի պետ. Գործակիցը՝ 6.5 (540,800 դրամ):
- Գլխավոր մասնագետ. Գործակիցը՝ 5 (416,000 դրամ):
- Ավագ մասնագետ. Գործակիցը՝ 4 (332,800 դրամ):
- Մասնագետ. Գործակիցը՝ 3 (249,600 դրամ):
- Փորձնակ. Գործակիցը՝ 2.5 (208,000 դրամ):
Ճշգրտող գործակիցներ. Կառավարության սահմանած կարգով կարող են կիրառվել 0.9-ից 1.5 ճշգրտող բազմապատկիչներ՝ կախված պատասխանատվության աստիճանից և խնդիրների բարդությունից:
Պարգևատրման նոր կանոններ
Նախագծով էապես սահմանափակվում են պարգևատրման ֆոնդերը.
- Պարգևատրման ֆոնդը ներկայիս 10%-ից կրճատվում է մինչև առավելագույնը 2%:
- Պարգևատրման ֆոնդը կձևավորվի միայն համալրված հաստիքների հիման վրա. թափուր պաշտոնների գումարն այլևս ֆոնդին չի փոխանցվի:
- Արգելվում է պարգևատրումներ տալ աշխատավարձի ֆոնդի խնայված/տնտեսված միջոցներից (օրինակ՝ թափուր հաստիքների հաշվին):
- Նույն 2% սահմանափակումը և տնտեսված միջոցներից պարգևատրելու արգելքը տարածվում են նաև համայնքների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում զինծառայողների, ոստիկանության, փրկարար, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների վրա:
Ներդրվում է վարձատրության նոր բաղադրիչ՝ լրավճար, որը տրվելու է աշխատակցի և տվյալ պետական մարմնի կատարողականի գնահատականի հիման վրա (լրացուցիչ վճարները չեն կարող գերազանցել աշխատավարձի 60%-ը):
- Լրավճար ստացած պաշտոնյան կամ ծառայողը պարտավոր է դրա առնվազն 10%-ն ուղղել սեփական գիտակրթական ծախսերին (վերապատրաստումներ, լեզուների ուսուցում): Գումարը չծախսելու դեպքում այն պահվելու է հաջորդ լրավճարից:
- Ի տարբերություն աշխատավարձի ֆոնդի, լրավճարի ֆոնդի տնտեսված միջոցները թույլատրվելու է ուղղել աշխատակիցների պարգևատրմանը:
Ըստ Կառավարության հիմնավորման՝ գործող համակարգը չի խրախուսում պաշտոնեական առաջխաղացումը, քանի որ պատասխանատվության աճին համահունչ աշխատավարձային աճ չէր ապահովվում: Նոր համակարգը նպատակ ունի հստակ տարբերակել ղեկավարման պատասխանատվությունն ու վարձատրության չափերը: