Հայաստանը Չինաստանում կայացած «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում մեդալ է նվաճել

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվել է «WorldSkills» միջազգային մրցույթի 48-րդ մրցույթը, որին Հայաստանը մասնակցել է երեք ոլորտներում՝ խոհարարություն, բջջային հավելվածների մշակում և նորաձևության տեխնոլոգիաներ։

Մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի պետական արհեստագործական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը, փորձառու մարզիչ Արբի Ղարախանիի ղեկավարությամբ, խոհարարության ոլորտում ակնառու արդյունքների համար արժանացել է «Գերազանցության մեդալի»։ Սա «WorldSkills»-ի մրցույթներին Հայաստանի ազգային թիմի մասնակցության պատմության առաջին մեդալն է (թիմը մասնակցել է մրցույթին 6 անգամ)։

Արսեն Արմենակյանը նաև ստացել է «Best of Nation» մրցանակը՝ որպես Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակից։

Հայաստանի թիմի մյուս մասնակիցները ևս բարձր արդյունքներ են գրանցել։ Երևանի պետական ինֆորմատիկայի քոլեջի ուսանող Արայիկ Հայրապետյանը, որը մասնակցել է «Բջջային հավելվածների մշակում» հմտության մրցույթին, «Գերազանցության մեդալից» հետ է մնացել ընդամենը 14 միավորով, իսկ Ֆրանս-հայկական կրթական կենտրոնի ուսանողուհի Լուիզա Զաքարյանը, որը մասնակցել է «Նորաձևության տեխնոլոգիաներ» հմտության մրցույթին, «Գերազանցության մեդալից» հետ է մնացել 37 միավորով։

Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունն իրականացվել է ազգային մրցույթի արդյունքների հիման վրա։

Հայաստանը «WorldSkills» միջազգային կազմակերպության անդամ է 2012 թվականից՝ ներկայացված լինելով Մասնագիտական-տեխնիկական կրթության զարգացման ազգային կենտրոնի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *