«Հրապարակ»․ COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելու

Ինչպես հայտնի է, Հայաստանը հոկտեմբերի 19-30-ը Երեւանում հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը։ COP17-ին մասնակցելու են Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, գիտական շրջանակներ, քաղաքացիական հասարակության եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ Իսկ հոկտեմբերի 16-ին նախատեսված է նաեւ Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը։

COP17-ի կազմակերպման եւ լուսաբանման հետ կապված՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պարզվում է, ոչ թե հայկական լրատվամիջոցների հետ է պայմանագրեր կնքել կամ դեսպանությունների միջոցով կազմակերպել լուսաբանումը, այլ որոշել է վճարովի հիմունքներով աշխատել` դիմել է Կայուն զարգացման միջազգային ինստիտուտին, նրա հետ պայմանագիր է կնքել (International Institute for Sustainability (IIS))։ Վերջինս գործում է Կանադայում։ Պայմանագրի առարկան է COP17-ի լուսաբանման եւ համաժողովի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման ծառայությունների մատուցումը։ Պայմանագրի արժեքը 42 մլն 787 հազար 629 դրամ է, որից 22 մլն 245 հազար 350 դրամը, որպես կանխավճար, արդեն փոխանցվել է։ Պայմանագրի վերաբերյալ հրապարակված տվյալների համաձայն՝ այն կնքվել է 2026 թ. սեպտեմբերի 29-ին, ծառայությունների կատարման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թ. դեկտեմբերի 25-ը։ Ըստ պայմանագրի, ընկերությունը պետք է ամենօրյա ամփոփագրեր պատրաստի, նիստի ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ ու մասնակիցների լուսանկարահանում կատարի ու հրապարակի, ինչպես նաեւ՝ համաժողովի ավարտից հետո պատրաստի ու հրապարակի մեկ թեմատիկ կամ հատուկ հոդված։ Ընկերությունից այս աշխատանքները կատարելու համար Հայաստան կժամանի թիմի ղեկավարը, կլինեն 4 հեղինակ լրագրող, մեկ լոգիստիկայի համակարգող, մեկ լուսանկարիչ, հեռավար աշխատող խմբագիր, հաղորդակցության եւ հանրային իրազեկման թիմ։ Թիմի համար լրացուցիչ պետք է ապահովվեն աշխատանքային պայմաններ, ներառյալ՝ գրասենյակ։

Այսինքն, ողջ աշխարհից լրագրողներ են հավատարմագրվում, որոնց լուսաբանումը չի բավարարում ՀՀ իշխանություններին, 44 միլիոն դրամ էլ լրացուցիչ են քամուն տալիս` պետական բյուջեից, որի արդյունքում այս ընկերությունն անելու է այն, ինչ անվճար անելու են մյուս բոլոր լրատվամիջոցները, այդ թվում` հայկական:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *