«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը – Հրապարակ

«Ուժեղ Հայաստան» խմբակ­ցությունն առաջին օրենսդրական նախաձեռնությունն է ներկայացրել։ Այն խորհրդարանում դրվել է շրջանառության մեջ եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա նիստերին կմտնի մեծ օրակարգ։ Առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի դեղերի շուկայում, որի արդյունքում քաղաքացիներն ավելի բարձր որակի եւ ավելի մատչելի դեղորայք կկարողանան սպառել։

««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեղերի ֆիզիկական հասանելիությունը խթանելու եւ դրանով պայմանավորված՝ ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, միեւնույն ժամանակ պահպանելով եւ բարելավելով բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով ապահովման գործընթացը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Օրեր առաջ էլ ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանն ու թիմակիցները Ստրասբուրգում հանդիպել էին Դեղերի եւ առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկել էին Հայաստանի համար եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է ընդամենը 3 հազար դեղ, իսկ եվրոպական երկրներում՝ մինչեւ 25 հազար։ Եվրոպական բարձրորակ դեղերը չեն վաճառվում հայկական դեղատներում, որովհետեւ կան սահմանափակումներ»,- ասել էր նա հանդիպումից առաջ՝ խոստանալով օրենսդրական նախագծով հանդես գալ, որը կիջեցնի գները եւ կավելացնի առողջապահության որակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *