

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի օրերին Կապույտ գոտում (Blue Zone) Հայաստանի տաղավարը կհյուրընկալի շուրջ 60 միջոցառում՝ 12 թեմատիկ օրվա ընթացքում։
Տաղավարի ուղերձն է. «Երևանից դեպի 2030, պարտավորություններից՝ դեպի գործողություններ»։ Քննարկումները կընդգրկեն հետևյալ թեմաները՝ մարդ և բնություն, լանդշաֆտ, լեռներ և քաղցրահամ ջրեր, պարենային համակարգեր, տնտեսություն, ֆինանսավորում և նորարարություն։
Առանցքային միջոցառումներ
Ծրագրում ընդգրկված են՝
– OECM-ների (տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցներ) գլոբալ հարթակի մեկնարկ
– սնկերի պահպանության գլոբալ ռազմավարության մեկնարկ
– Սևանա լճի համար EU4Biodiversity ծրագրի մեկնարկ
– լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության գլոբալ նախաձեռնություն
– մարդու իրավունքներին նվիրված թեմատիկ օր
– զարգացման բազմակողմ բանկերի տնօրենների երկխոսություն՝ կենսաբազմազանության նորարարական ֆինանսավորման շուրջ
– Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) բարձր մակարդակի երկխոսություն և դոնորների նիստ։

Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի և գործընկեր երկրների նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և ՎԶԵԲ-ի տնօրեններ, ինչպես նաև ԵՄ-ի, զարգացման գործընկերների, համայնքների, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ պայմանավորվածությունների և գործընկերությունների։
Բաց տարածք՝ այցելուների համար
Լիագումար նիստերի ժամերին տաղավարի ցուցահանդեսային տարածքը և վիրտուալ իրականության անկյունը բաց կլինեն Կապույտ գոտու բոլոր այցելուների համար։
Համագործակցություն
Ծրագիրը ձևավորվել է Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի, Ղրղզստանի և այլ երկրների պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:
Տաղավարի ծրագիրը մշակում և համակարգում է Environment Group-ը։
Հոկտեմբեր 14, 2026 at 15:46