Շերեմետևո օդանավակայանում մաքսավորները Թուրքիայից ժամանած 28-ամյա ռուսաստանցի ուղևորուհու ուղեբեռում հայտնաբերել են հայտնի բրենդների՝ ավելի քան 22 միլիոն ռուբլի արժողությամբ չհայտարարագրված ապրանքներ։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կնոջը կանգնեցրել են ընտրողական ստուգման համար՝ կանաչ ուղին անցնելիս։ Նրա ուղեբեռում եղել է 36 ապրանք՝ Hermes և Chanel ապրանքանիշերի 3 պայուսակ, Chanel, Brunello Cucinelli, Yves Saint Laurent, Miu Miu և Schiaparelli ապրանքանիշերի 31 կտոր հագուստ, ինչպես նաև Chanel-ի 2 զույգ կոշիկ։
Ուղևորուհին հայտարարել է, որ դրանք իր անձնական իրերն են, որոնք ստացել է որպես նվեր։ Փորձաքննությամբ հաստատվել է ապրանքների իսկությունը։ Դրանց ընդհանուր արժեքը գերազանցել է 22 միլիոն ռուբլին, իսկ չվճարված մաքսային վճարները կազմել են ավելի քան 6 միլիոն ռուբլի։
ՌԴ Դաշնային մաքսային ծառայության փոխանցմամբ՝ քննարկվում է մաքսային վճարներից խուսափելու համար քրեական գործ հարուցելու հարցը։ ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում կամ մինչև 500 հազար ռուբլու տուգանք։