
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված շատ մեծ խնդիր կա, վարորդներից շատ-շատ են բողոքները, որ սակագների բարձրացում է լինում կամ տրաֆիկի ավելացման դեպքում իջեցում չի լինում: Ինչպե՞ս եք պաշտպանելու մարդկանց իրավունքը, քանի որ մոնոպոլ դիրք կա շուկայում: Օրինակ ջուրը, գազը, էլեկտրականությունն ունի իր՝ սակագնային զսպման մեխանիզմը»,- դիմելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Սարգսյանն ասաց. «Ցանկացած ոլորտ բնական մենաշնորհի կարգավիճակ տալու և խիստ կարգավորման ենթարկելու վերաբերյալ նախ պետք է լինի օրենսդրական կարգավորում, իրավաչափ նպատակ՝ դա անելու: Նմանատիպ ցանկացած կարգավորում խոսում է մրցակցային միջավայրի սահմանափակման, խիստ կարգավորման մասին ու այդպիսի կարգավորում իրականացնելը Սահմանադրությամբ նախատեսվում է իրականացնել բացառապես օրենքով: Ինչ վերաբերում է այս ոլորտում ծառայությունների մատուցմանը. պատկերացում, որ այս ծառայությունները պետք է կարգավորման ենթարկվեն ինչպես հանրային ծառայությունների մյուս ոլորտներն են, չեմ կիսում այդ մոտեցումը»: Թեկնածուն, միևնույն ժամանակ, հավելեց, որ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն տեսնում է: