Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցք» է անվանել Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղին ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու իրականացումը սկսվել է Բաքվի նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 24-ին Իգդիրի համալսարանի կազմակերպած Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին հղած ուղերձում նա նախագիծն անվանել է «Զանգեզուրի միջանցք»՝ չհիշատակելով TRIPP անվանումը։

Ալիևի խոսքով՝ երթուղին կապահովի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ ընդլայնելով երկրի ցամաքային կապը Թուրքիայի հետ։ Նա նաև պնդել է, որ նոր ճանապարհը կմեծացնի Միջին միջանցքով բեռնափոխադրումների հնարավորությունները և կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերագործարկմանը։

Հիշեցնենք, որ Ալիևի հայտարարությունից մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Սյունիքում TRIPP նախագծի շինարարության նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ նախաձեռնություն։

Փաշինյանի ընդգծմամբ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *