
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել Արևմտյան կիսագնդում, եթե անհրաժեշտ լինի՝ ամերիկյան շահերը առաջ մղելու համար։
«Մենք պատրաստ ենք բարի կամքով աշխատել մեր հարևանների հետ, բայց նրանք պետք է նպաստեն մեր ընդհանուր շահերի պաշտպանությանը։ Եթե նրանք դա չանեն, Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ձեռնարկել նպատակային և վճռական գործողություններ, որոնք կխթանեն ԱՄՆ-ի շահերը», – ասվում է նրա բացման խոսքի տեքստում, որը պատրաստվել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների համար։
Փենթագոնի ղեկավարի խոսքով՝ «Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունը Արևմտյան կիսագնդում»՝ տարիներ շարունակ անտեսումից հետո։ Նա որպես Արևմտյան կիսագնդի հիմնական տարածքների օրինակներ նշել է Պանամայի ջրանցքը, Մեքսիկական ծոցը և Գրենլանդիան, որոնց նկատմամբ Միացյալ Նահանգները պետք է ունենա անարգել ռազմական և առևտրային մուտք։ Հեգսեթը նաև հավելել է, որ Վաշինգթոնը թույլ չի տա իր հակառակորդներին տեղակայել ռազմական ուժեր «կամ այլ սպառնալից հնարավորություններ» Արևմտյան կիսագնդում։