Արցախցի փախստականները դարձել են առցանց ատելության խոսքի և իշխանությունների կողմից հետապնդումների թիրախ։ Թշնամանքի մեծ մասը դրսևորվել է առցանց՝ իշխանամետ ակտիվիստների, բլոգերների և հայկական լրատվամիջոցների կողմից, սակայն նույնիսկ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակայնորեն թիրախավորել են արցախցիներին։ Հետազոտողները պարզել են, որ «անշնորհակալ» և «դասալիք» արցախցու մասին խարանող նարատիվները համակարգված կերպով տարածվել են Փաշինյանի կառավարությանը հավատարիմ գործիչների կողմից։ Այս մասին գրում է «Foreign Policy»–ն։
Այս ամռանը հայկական դատարանը ճանապարհ է հարթել կառավարության համար՝ բռնագրավելու և հետ վերցնելու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի կառավարության ֆինանսավորումը դադարեցվել է։
«Այս անկանխատեսելի աշխարհակարգում որևէ բանի վրա ազդելու կամ ինչ-որ բան փոխելու հնարավորություն կա միայն այն դեպքում, երբ ձեռքումդ ուժեղ խաղաքարտեր ունես», – «Foreign Policy»-ին այժմ դատարկ ներկայացուցչությունում տված հարցազրույցում ասել է Բեգլարյանը։ «Իսկ Արցախը ոչինչ չունի։ Ո՛չ բանակ, ո՛չ գումար, ո՛չ ենթակառուցվածքներ։ Մենք չունենք այն լծակները, որոնց միջոցով կարող ենք ազդել այս խաղաղության գործընթացի վրա։ Հայաստանի կառավարությունը դարձել է մեր վերադարձի իրավունքի թիվ մեկ խոչընդոտը»։
Հիշեցնելով՝ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպերի ու արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի ձերբակալության մասին՝ «Foreign Policy»-ը նշում է, որ Փաշինյանի այս «զայրացած ու կռվարար» կերպարը շատ հեռու է նրա՝ 2018 թվականին «Թավշյա հեղափոխությունը» առաջնորդած կերպարից, ով մի ժամանակ ասել էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
«2020 թվականին Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունը հանգեցրեց բողոքի ցույցերով և անկարգություններով, ներառյալ ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջներով, անկայուն շրջանի։ Հետադարձ հայացքով՝ այն նաև դարձավ Երևանի ժողովրդավարական հետընթացի խթաններից մեկը։ Երբ նրա կուսակցությունը 2021 թվականի ընտրություններում անսպասելիորեն ջախջախիչ հաղթանակ տարավ, Փաշինյանը սկսեց ամեն ինչից վեր դասել հավատարմությունն ու իր քաղաքական գոյատևումը»,– գրում է պարբերականը։