Թրամփի թիմը ներկայացրել է Հորմուզի նեղուցը ուժով բացելու տարբերակները. NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով թիմն այս շաբաթ նրան է ներկայացրել Հորմուզի նեղուցում գործողությունների մի քանի տարբերակ այն բանից հետո, երբ Իրանի հետ նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել։

Ինչպես հաղորդում է NBC News-ը, այս մասին հայտնել են տեղեկացված աղբյուրները։ Նրանց փոխանցմամբ՝ երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության հնարավոր փոփոխությունը (ավելացում կամ կրճատում), ինչպես նաև նեղուցի գոտում առավել ակտիվ ռազմական գործողությունների իրականացման տարբերակը։

Ընդ որում, նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որևէ որոշում չի կայացրել հետագա քայլերի վերաբերյալ, և հնարավոր որոշման ժամկետները մնում են անհայտ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի շարք քաղաքների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին և գրոհեց Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։

2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները պայմանավորվեցին երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Ապրիլի 11-12-ը Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ, տեղի ունեցան բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Երկարատև քննարկումներից հետո կողմերն ավարտեցին հանդիպումը՝ առանց համաձայնության հասնելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *