Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների…

Հրազդանում ամերիկյան Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոն կառուցելու որոշումն ու այն կյանքի կոչելը մեկ-երկու ամսվա խնդիր չէր: Հայաստանում մի քանի մոդուլային ԱԷԿ կառուցելու ծրագիրն էլ հարմարեցվելու էր դրան: Այն է՝ ամերիկյան կենտրոնը կարող էր սնվել ամերիկյան մոդուլային ԱԷԿ-ից: Սակայն գազի գին բարձրացնելու ռուսական սպառնալիքը չեղարկեց մոդուլային ԱԷԿ-ի ծրագիրը: Ու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստիպված եղավ վերադառնալ ռուսական տիպային ռեակտորին: Իսկ այն հիմնավորումը, թե մեր պետությանն այսուհետ ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, ու ինքն էլ այդ պատճառով է վերադառնում ռուսական ռեակտորին, ավելի քան անհաջող տարբերակ էր: Կամ էլ ընդամենը նիկոլական կիսագրագետ զանգվածին ուղղված արդարացում: Քանի որ հաստատ ամերիկացիները դրա հասցեատերը չէին կարող լինել՝ որքան էլ տողատակերում ուղղված լիներ հենց իրենց:

Որովհետև ավելի շատ հոսանքի պահանջը պարզ էր դեռևս այն օրը, երբ որոշվել էր տվյալների կենտրոնի կառուցումը: Ողջ այդ պատմությունը հերթական անգամ վկայեց, որ իշխանությունն առաջնորդվում է ոչ թե գիտական հաշվարկներով, այլ «ուզում եմ-չեմ ուզում» մտայնությամբ: Դրա առաջին բաղադրիչը՝ «ուզում եմ (ամերիկյան ԱԷԿ)»-ը շրջանառվում էր այնքան ժամանակ, մինչև հասկացավ, որ Մոսկվայում կատակ չեն անում՝ խոսելով գազի գինը թանկացնելու մասին: Մնում է երկրորդ խնդիրը՝ տարեսկզբին ընդունված եվրոպամետ օրենքը չեղարկելը: Ինչը նրան խորհուրդ է տրվում ռուս քաղաքագետների շուրթերով: Ինչը, ենթադրաբար, մեջտեղից կհանի ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև կողմնորոշվելուն միտված՝ հանրաքվեի ռուսական պահանջը:

Իսկ մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խաղեր է տալիս ԵԱՏՄ տարածքում՝ 22 օրից ԱՄՆ-ում տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Եվ որպեսզի այդ կառույցում հանրապետականները չկորցնեն մեծամասնությունը՝ նախագահ Թրամփը գնաց աննախադեպ քայլի: 1 միլիոն տոննայի չափով հանվեցին սահմանափակումները ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վրա: Ինչի նպատակն ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների իջեցումն էր: Ի դեպ, դրա մասին հայտարարվեց նախորդ օրը, սակայն բանակցությունները ավարտվել են շաբաթներ առաջ: Ինչի վկայությունը 275,000 բարել վառելիք տեղափոխող «Minerva Zen» տանկերի մեկնում էր Սանկտ Պետերբուրգից սեպտեմբերի 22-ին: Որն, ըստ հաշվարկների, ԱՄՆ-ի արևելյան ափ կհասնի մեկ-երկու օրից։

Սա, իհարկե, առաջին հերթին հարված է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: ԱՄՆ-ը, ըստ գերմանական «Deutsche Welle»-ի, Ուկրաինային փոխանցել է նախագահ Թրամփի «հստակ պահանջը»՝ դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա օդային հարձակումները։ Հրապարակման համաձայն՝ պահանջը ձևակերպվել է ոչ թե վերջնագրի տեսքով, այլ որպես «ԱՄՆ նախագահի կողմից հրատապ խնդրանք»։ Չնայած Զելենսկին դրան արձագանքել է խիստ կոռեկտ բողոքով, բայց նախագահ Թրամփն Ուկրաինային առաջարկել է Զելենսկու փոխարեն գտնել նոր առաջնորդ: Դա հիմնավորելով նրանով, որ վերջինս «գործարք չի կնքում և միայն խնդիրներ է ստեղծում»: Այս իրադարձությունը չի կարող չառնչվել նաև «մեր» վարչապետին, ով նախագահ Թրամփին հովանավոր կարգելով իրեն՝ թշնամացավ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Չնայած, ինչպես նշվեց, գազի գնի թանկացման սպառնալիքի ներքո ստիպված եղավ շրջադարձ կատարել:

Այնինչ, Վրաստանն, օրինակ, նման անմիտ քայլ չկատարեց. երբ լարվեցին հարաբերությունները Եվրամիության հետ՝ Վրաստանը չդադարեցրեց շփումը ԱՄՆ-ի հետ: Իսկ ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման լույսի ներքո վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից պարտադրվող պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Ի տարբերություն, իհարկե, Հայաստանի գործող իշխանությունների: Ավելի ճիշտ՝ Փաշինյանի, ով առանց մտածելու ու հաշվարկելու դրա առաջ բերելիք մարտահրավերները, ԵՄ-ին միանալու առումով օրենք էր ընդունել տալիս: Ու հետո էլ փորձում էր ՌԴ նախագահին համոզել, որ դա արվել է, որպեսզի հանրաքվե չկազմակերպվեր, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կողմից: Կարծես թե Պուտինն այնքան միամիտ էր, որ չէր գիտակցում, թե ինչպիսի մեխանիզմով է մեզանում տեղի ունենում այս կամ այն իրադարձությունը: Մի խոսքով, իսկական գեղցիական շուստրիության հերթական դրսևորում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *