Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներում կոշտ գրառմամբ է հանդես եկել՝ արձագանքելով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին հարցազրույցին (Tete A Tete):
Սիմոնյանը Մարությանին մեղադրել է կեղծավորության և անձնական շահը գերադասելու մեջ։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ տեսել է հարցազրույցի անոնսը, որտեղ կրկին շոշափվել է իր ծառայողական մեքենայի թեման։ Այս առնչությամբ նա սուր տոնով նկատել է. «Ապրես, արդեն 5 տարի է՝ նույն բանն եք ասում՝ թե՛ դու, թե՛ մյուս քո նման լուսանցքում մնացածները»։
ԱԺ նախագահն իր գրառման մեջ անցել է ավելի անձնական ու ծանր մեղադրանքների՝ Մարությանին առաջարկելով խոսել սեփական անցյալի մութ էջերից:
Սիմոնյանը ակնարկել է մի դեպքի մասին, ըստ որի Մարությանը 10-15 հազար դոլարի պատճառով տուն է խլել նորածին երեխա ունեցող և առողջական խնդիրներ ունեցող կնոջից։
Նա նաև կոչ է արել պատմել, թե ինչու և ինչպես է Մարությանը կորցրել իր մտերիմ ընկերներին՝ առաջարկելով ներկայացնել երկու կողմերի տարբերակները։
Սիմոնյանն ընդգծել է, որ խնդիր չի տեսնում, երբ արվեստագետն է մտնում քաղաքականություն, սակայն խիստ քննադատել է Մարությանի տեսակը. «Վատ է, երբ կեղծավոր ու փողի համար ամեն ինչի պատրաստ մարդն է զբաղվում քաղաքականությամբ»։
Գրառման վերջում Ալեն Սիմոնյանը խորհրդավոր ակնարկ է արել՝ նշելով, որ ամեն ինչի մասին իր ժամանակը կա, ինչը հուշում է, որ այս թեմայով բացահայտումները դեռ կարող են շարունակվել։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն իր հարցազրույցում անդրադարձել էր իր սկզբունքներին և այն պատճառներին, թե ինչու են մտերիմները նեղացել իրենից պաշտոնավարման տարիներին: