Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորի դուրսբերման մասին հայտարարությունը կանխատեսելի էր։
«Ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում և հատկապես Գերմանիայում բխում է ինչպես մեր, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերից», – այս մասին Պիստորիուսն ասել է DPA լրատվական գործակալությանը։ Նա հստակեցրել է, որ այդ որոշումը սպասված էր։
«Մենք սերտ համագործակցում ենք ամերիկացիների հետ Ռամշտայնում, Գրաֆենվյորում, Ֆրանկֆուրտում և այլուր՝ Եվրոպայում, Ուկրաինայում խաղաղության և անվտանգության, ինչպես նաև փոխադարձ զսպման համար», – նշել է Պիստորիուսն ու հավելել, որ ԱՄՆ-ն նաև այլ ռազմական գործառույթներ է իրականացնում Գերմանիայի իր բազաներում, որոնք կապված են, օրինակ, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անվտանգության քաղաքականության շահերի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի 6-12 ամսվա ընթացքում։