ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ 6.50%։ 2026 թվականի մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%: 2026 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մարտին կազմելով 4.5%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%:
2026 թվականի առաջին եռամսյակում՝ աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների գների ու դրանց տատանողականության զգալի աճի պայմաններում, համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերն էականորեն ավելացել են։ Առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսական աճը որոշակիորեն արագացել է, այդուհանդերձ, սպառողական պահանջարկի թուլացումը շարունակվում է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում պահպանման ռիսկերն ավելացել են՝ պայմանավորված մաքսատուրքերի հավաքագրման հնարավորությունների որոշակի սահմանափակմամբ, ինչպես նաև պաշտպանությանն ուղղվող ծախսերի հնարավոր աճի անհրաժեշտությամբ:
Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը դարձել են ավելի առարկայական: Մասնավորապես, Եվրոգոտում պահպանվող կառուցվածքային խնդիրների և էներգակիրների գների ու դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում տնտեսական աճը շարունակել է թուլանալ: Ռուսաստանում տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցիչները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։ Միաժամանակ, Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաներում գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, մյուս կողմից՝ գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ առանձին դեպքերում դրանց բարձրացման հավանականությունը: 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն:
Վերջինիս մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունն ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս առարկայական են առաջարկի գործոններով պայմանավորված ռիսկերը։
Հատկանշական է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը որոշակի թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ: Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲն միջնաժամկետ հորիզոնում կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:
Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:
Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: