Սևանա լճի մակարդակի բարձրացումը այս տարի պայմանավորված է հիմնականում կլիմայական փոփոխություններով և տեղումների աճով․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Այս տարի ունենք լուրջ կլիմայական փոփոխությունների արտացոլում Հայաստանում, և սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա գլոբալ գործընթաց է։ Մենք տեսնում ենք՝ աշխարհի տարբեր երկրներում ջրհեղեղներ են, մեծ քանակությամբ տեղումներ են լինում՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Լատինական Ամերիկայում։ Հայաստանը ևս դրա ազդեցության տակ է»,- նշեց Ադամյանը։
Նրա խոսքով՝ հենց տեղումների առատությունն է պատճառը, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է շուրջ 1սմ-ով։
«Եթե նայենք հիդրոմետ ծառայության տվյալները, կտեսնենք, որ այս տարվա տեղումները Հայաստանի պայմանների համար բավականին շատ են։ Սա է հիմնական պատճառը, որ Սևանի մակարդակը բարձրացել է։ Բացի այդ, այս պահին գյուղատնտեսական նպատակներով մեծ ծավալի ջրաբացթողումներ չեն արվում, որովհետև տեղումները բավարար են և դեռ սպասվում են ամբողջ ապրիլ ամսին»,– ասաց նա։
Անդրադառնալով անցած տարվա ցածր մակարդակին՝ բնապահպանը նշեց․
«Անցյալ տարի ավելի սուր ձմեռ ենք ունեցել, տեղումները քիչ են եղել, և միաժամանակ գյուղատնտեսության համար մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել։ Այդ հարցը նույնիսկ Ազգային ժողովում էր քննարկվում։ Տարիներ շարունակ խոսվում է, որ Սևանից պետք է հնարավորինս քիչ ջուր բաց թողնել, նույնիսկ կան տեսակետներ, որ որոշ տարիներ ընդհանրապես պետք է դադարեցնել ջրառը, որպեսզի էկոլոգիական վիճակը վերականգնվի»։
Ադամյանի խոսքով՝ այս տարվա բարձրացումը բացառապես բնական գործոններով է պայմանավորված․
«Սա բնական գործընթաց է։ Որևէ հատուկ միջամտություն չի եղել, որ Սևանի մակարդակը բարձրացնեն։ Բնությունն ինքն է իր գործը անում։ Բայց չի կարելի բացառել, որ մյուս տարի կարող է հակառակ իրավիճակը լինել՝ բարձր ջերմաստիճան և տեղումների պակաս»։
Խոսելով Սևանի մակարդակի բարձրացման ազդեցության մասին՝ Ադամյանը նշեց, որ այն ընդհանուր առմամբ դրական է․
«Երբ Սևանի մակարդակը բարձրանում է, ձկնապաշարները շատանում են, ջրի ջերմաստիճանը իջնում է, ջուրը դառնում է ավելի սառնորակ։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ ջրիմուռների մեծ քանակություն կար, բայց հիմա, եթե ջերմաստիճանը իջնում է և ձկան պաշարները ավելանում են, այդ վտանգը նվազում է։ Լիովին չի վերանում, բայց նվազում է»։
Հիշեցնենք՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 23-ից ապրիլի 5-ը։ Այդու՝ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.29 մ, որն անցյալ տարվա ապրիլի 5-ի մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 7 սմ-ով։