Գիտնականները պարզել են, որ ջերմաստիճանի չափավոր բարձրացումը կարող է ժամանակավորապես օգտակար լինել իշամեղուների որոշ տեսակների համար, սակայն միայն այնքան ժամանակ, քանի դեռ շոգը չի դառնում ծայրահեղ։
Երբ ջերմաստիճանը գերազանցում է կրիտիկական շեմը, գաղութները բառացիորեն սկսում են պայքարել գոյատևման համար, իսկ հետևանքները կարող են կործանարար լինել ամբողջ պոպուլյացիայի համար։ Այս եզրակացությանն են եկել Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի և Օբերն համալսարանի հետազոտողները։ Աշխատությունը հրապարակվել է Journal of Animal Ecology ամսագրում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ստորգետնյա բներում ապրող իշամեղուները ջերմացումը զգալիորեն ավելի լավ են տանում։ Հողը գործում է որպես բնական ջերմամեկուսիչ և պաշտպանում է գաղութը ջերմաստիճանի կտրուկ տատանումներից։
Ավելի տաք եղանակին աշխատող իշամեղուները ստիպված են ավելի քիչ էներգիա ծախսել թրթուրների ջերմաստիճանը պահպանելու վրա, ուստի կարող են ավելի երկար հավաքել ծաղկափոշի և նեկտար։ Սա ժամանակավորապես բարձրացնում է ամբողջ գաղութի արտադրողականությունը։
Այնուամենայնիվ, այս ազդեցությունը գործում է միայն սահմանափակ շրջանակներում։ Սաստիկ շոգի ժամանակ իշամեղուները ստիպված են փեթակի ներսում ստեղծել յուրատեսակ սառեցման համակարգ՝ նրանք արագ թափահարում են թևերը՝ փորձելով նվազեցնել բնի ջերմաստիճանը։
Բայց ծայրահեղ ջերմաստիճանների դեպքում անգամ այդպիսի օդափոխությունը դադարում է օգնել։ Թրթուրները կարող են մահանալ կամ զարգանալ խանգարումներով, իսկ գաղութն ինքն սկսում է կորցնել կայունությունը։
Գիտնականները հաշվարկել են, որ ԱՄՆ-ի որոշ շրջաններում վտանգավոր շոգի ժամերի քանակը առաջիկա տասնամյակներում կարող է աճել գրեթե քսան անգամ։ Առանձնապես խոցելի են եղել վերգետնյա բներում ապրող իշամեղուները և առևտրային փեթակները, որոնք ակտիվորեն օգտագործվում են գյուղատնտեսությունում մշակաբույսերի փոշոտման համար։
Հետազոտողները զգուշացնում են․ նման արհեստական կառույցները շատ ավելի ուժեղ են գերտաքանում, քան բնական ստորգետնյա փոսերը։
Հեղինակները նաև հիշեցնում են, որ կլիմայի փոփոխությունը իշամեղուներին սպառնում է ոչ միայն շոգով։ Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ երաշտները կտրուկ նվազեցնում են գաղութների բազմացումը․ հատկապես չոր տարիներին նոր մայրերի թիվը կարող է գրեթե վերանալ։
Հետազոտողների կարծիքով՝ իշամեղուներին կարող են օգնել նույնիսկ համեմատաբար պարզ միջոցները՝ տեղական ծաղկող բույսերի տնկումը, անտառային հատվածների պահպանումը և ստվերային գոտիների ստեղծումը, որտեղ բները ավելի քիչ են գերտաքանում։