Ինդոնեզիայում որոնում են Դուկոնո հրաբխի ժայթքման շրջանում անհետացած 20 զբոսաշրջիկներին

Ինդոնեզացի փրկարարները որոնողափրկարարական գործողություն են իրականացնում Հալմահերա կղզում (Հյուսիսային Մալուկու նահանգ) Դուկոնո հրաբխի ժայթքման շրջանում անհետացած 20 զբոսաշրջիկներին հայտնաբերելու և փրկելու համար։ Այս մասին Reuters գործակալությունը հայտնել է՝ հղում անելով տեղական փրկարարական ծառայության ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են օպերատիվ ծառայությունների տասնյակ աշխատակիցներ, այդ թվում՝ ոստիկանությունը։ Նշվում է, որ հրաբխի ժայթքման գոտում հայտնված զբոսաշրջիկների թվում ինը Սինգապուրի քաղաքացիներ են, մնացածը՝ Ինդոնեզիայի քաղաքացիներ։

Տեղական իշխանությունները կրկին կոչ են արել տարածաշրջանի բնակիչներին և զբոսաշրջիկներին չմոտենալ հրաբխի խառնարանին 4 կմ շառավղով։ Բացի այդ, մասնագետները նախազգուշացրել են անձրևների դեպքում հրաբխային ցեխահոսքերի առաջացման վտանգի մասին։

Ավելի վաղ Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնը հայտնել էր, որ Դուկոնո հրաբուխը ժայթքման ժամանակ մոխիր է արտանետել ծովի մակարդակից 11,1 կմ բարձրության վրա։ Հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Ավստրալական լիտոսֆերային սալերի հանգույցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *