
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Վահագ ԽաչատՈւրյան, շողոքորթելը ՀՀ նախագահի գործառույթների կամ լիազորությունների մեջ չի մտնում: Դու քեզ դնում ես օրենքից վեր, բայց հայտնվում ես Նիկոլի տակը»:
Տեսանյութում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպմանը, որի ընթացքում վարչապետը խոսել է նաև քարոզարշավի մեկնարկի մասին, Լևոն Զուրաբյանն ասել է․ «Հանդիպման ամբողջ ընթացքում ՀՀ նախագահը զբաղված էր Նիկոլ Փաշինյանին շողոքորթելով, քծնելով, գովալով հաջողությունները, թե ինչ տեմպերով է տնտեսությունն առաջ գնում, ինչքան ներառական է դարձել և այլն։ Նախագահը լեզվի սայթաքում արեց՝ ասելով․ «Մեր ծրագրերը, որոնք նաև կառավարությունն է ներկայացնում», այսինքն՝ ինքն ամբողջությամբ իրեն նույնականացրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հետ։
Այս հանդիպումով տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության խախտում, ՀՀ նախագահն անձամբ դարձավ Նիկոլ Փաշինյանի շտաբի անդամ, արեց նրա քարոզչությունը»։