Ռուսաստանի իշխանությունները հարավային շրջաններում օդային երթևեկության սահմանափակումներ են մտցնում՝ Դոնի Ռոստովի կարգավարական կենտրոնին հասցված ԱԹՍ-ի հարվածի պատճառով, կենտրոնն ամեն օր համակարգում է մինչև 2 հազար քաղաքացիական չվերթ, այդ թվում՝ մոտ հազար տարանցիկ:
Օդաչուների համար նախատեսված NOTAM ծանուցման համաձայն՝ Ռուսաստանի հարավի երկինքը քաղաքացիական օդանավերի համար փակ կլինի մինչև մայիսի 11-ի ժամը 23:59-ը։ Սահմանափակումները կվերաբերեն նաև տարանցիկ չվերթներին, որոնք սահմանափակման գոտով անցնում են այլ երկրներ։
Ներկա պահին ՌԴ հարավային շրջանների վրայով թռիչքները փաստացի դադարեցված են, վկայում են FlightRadar-ի տվյալները։ Ռուսաստանի հարավ տանող թռիչքների ծրագիրը «կկրճատվի», ուրբաթ օրը նախազգուշացրել է տրանսպորտի նախարարությունը։
Այժմ մասնագետները գնահատում են Դոնի Ռոստովի կարգավարական տարածաշրջանային կենտրոնին հասցված վնասը՝ վնասված սարքավորումների աշխատանքի վերականգնման հնարավորությունը որոշելու համար, հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։ Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հանձնարարել է փակված օդանավակայանների ուղևորներին տեղափոխել գնացքներով և ավտոբուսներով։
Ընդհանուր առմամբ դադարեցվել է 13 օդանավակայանի աշխատանքը՝ Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գելենջիկի, Գրոզնիի, Կրասնոդարի, Մախաչկալայի, Մագասի, Միներալնիե Վոդիի, Նալչիկի, Սոչիի, Ստավրոպոլի և Էլիստայի։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ԱՏՕՌ) տվյալներով՝ հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 80 չվերթ, իսկ թռիչքի սպասում է առնվազն 14 հազար ուղևոր։