Այսօր մայիսի 8-ն է։ Ուղիղ ութ տարի առաջ հենց այս օրը մեզ խոստացան դրախտային երկիր, բայց մեզ առաջնորդեցին դեպի դժոխքի դռները։ Խոստացան թռիչքային տնտեսություն, բայց բերեցին թռիչքային թանկացումներ և կրկնապատկված պետական պարտք։ Այս մասին այսօր Էջմիածնում հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Խոստացան ժողովրդավարություն, բայց բերեցին բիրտ ուժ, փշալարեր և քաղբանտարկյալներ։ Խոստացան խաղաղություն, բայց բերեցին արյունալի պատերազմ, հազարավոր զոհեր և անդադար կորուստներ։ Խոստացան ինքնիշխանություն, բայց Հայաստանը դարձրեցին աշխարհաքաղաքական մուրացկան, որի ճակատագիրը որոշում են բոլորը, բացի իրենից։ Խոստացան միասնություն, բայց բերեցին ատելություն, հասարակությունը բաժանեցին սևերի ու սպիտակների, քանդեցին ընտանիքներն ու պառակտեցին եկեղեցին։
Ես անգամ չեմ ուզում հիշեցնել և նկարագրել այս տարիներին կատարվածը, դուք ամեն ինչ տեսել եք ձեր աչքերով։ Ես ուղղակի ուզում եմ հարցնել. Դո՞ւք համաձայն եք, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ Դո՞ւք համաձայն եք, որ մենք ծպտուն չպետք է հանենք, երբ մեր եկեղեցիները քանդվում են։ Դո՞ւք համաձայն եք, որ մանկապիղծներին ամիսներ շարունակ չեն կալանավորում, փոխարենը կալանավորում են սրբազանների։ Մենք նույնպես համաձայն չենք, հաշտ չենք ու եկել ենք հենց դա փոխելու։
Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունը մեզ այլևս ասելիք չունի, դրա համար էլ խոսում է միայն վախերով։ Նրանք մեզ վախեցնում են անցյալով։ Ասում են՝ եթե մենք գանք, կվերադառնա անցյալը։ Բայց մենք այս ընտրություններին չենք մասնակցում, որպեսզի անցյալը հետ բերենք, մենք ձեզնից քվե չենք խնդրում, որպեսզի վերադարձնենք հինը, մենք ձեզնից քվե ենք խնդրում, որպեսզի միասին կառուցենք ապագան։
Մենք այսօր կանգնած ենք ձեր առջև՝ մեր պատմությունից ու անցած ճանապարհից դասեր քաղած, այդ պատմության ձեռքբերումները կրկնելու ու թերացումները բացառելու վճռականությամբ։ Նրանք վախեցնում են անցյալով, որովհետև սարսափում են ապագայից։
Բայց այստեղ կանգնած են ապագան կառուցել ցանկացողները, մարդիկ, ովքեր ուզում են վերադարձնել այն ամենը, ինչ դուք կորցրել եք այս 8 տարում՝ ձեր արժանապատվությունը, ձեր անվտանգությունը և ձեր հպարտությունը։ Նրանք մեզ մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ։ Բայց նրանք մոռանում են, որ մենք ենք խաղաղություն բերողը և ինքնիշխանության պաշտպանը, որովհետև ամենալավը գիտենք դրա գինը։ Նայե՛ք այս հարթակին և հարցրե՛ք՝ ո՞վ ավելի լավ գիտի պատերազմի գինը. այստեղ կանգնած են մարդիկ, ովքեր հարազատ են կորցրել։
Այստեղ մարդիկ են, ովքեր ամեն անգամ վտանգի դեպքում հայտնվում են առաջնագծում։ Մյուս կողմում մարդ է, ով պատերազմով ու պատերազմի սպառնալիքով իշխանություն է պահել ու պահում։ Հիմա հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ ո՞վ ավելի լավ գիտի խաղաղության գինը, ո՞վ է ավելի շատ խաղաղություն ուզում։ Ի վերջո հարցրեք նաև, թե ինչ է մեզ պետք։ Խաղաղություն կարող է լինել նաև գերեզմանում, մեզ գերեզմանային խաղաղություն պետք չէ, մեզ պետք է անվտանգություն։ Իսկ անվտանգություն Հայաստանին կարող է բերել այս թիմը։
Եվ վերջապես՝ նրանք ասում են, թե ընդդիմությունը «լուծում չունի»։ Այսօր, հենց այստեղ՝ Էջմիածնում, դուք տեսնում եք լուծումը։ Լուծումը կամակատարի փոխարեն բանակցող ունենալն է, լուծումը Մայր Աթոռի վրա արշավելու փոխարեն այն պաշտպանելն է, լուծումը թմրամոլությունը խրախուսելու փոխարեն այն արմատախիլ անելն է, լուծումը հանձնվելու փոխարեն ինքդ քեզ պաշտպանելն է։ Ու մեր քաղաքացին պետք է հարցնի՝ ո՞վ կարող է անել այս ամենը։ Ամենայն հարգանքով բոլոր ուժերի նկատմամբ, բայց սա փորձարկումների ժամանակ չէ. մի այդպիսի փորձարկում փորձանք դարձավ մեր գլխին։ Հիմա փորձառության, աշխատանքի ու կայունության ժամանակն է։ Ու սա է այն թիմը, որ կարող է դա ապահովել։
Սիրելի՛ երիտասարդներ, դիմում եմ հատկապես ձեզ։ Ձեզ փորձում են համոզել, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, որ ամեն ինչ կանխորոշված է։ Սուտ է։ Հայաստանի ապագան գրվում է ոչ թե Բաքվում կամ այլ մայրաքաղաքներում. մեր ճակատագիրը որոշվում է Էջմիածնում, Երևանում, Կապանում, Վանաձորում, Ծաղկունքում, Ջրառատում, Քաղսիում, Մրգաշենում։
Մեր ապագան որոշվում է Հայաստանում՝ որոշվում է ձեր կողմից։ Եթե դուք հունիսի 7-ին ընտրեք Հայաստանը, բոլորը հաշվի են նստելու այդ ընտրության հետ։ Որովհետև աշխարհը հարգում է միայն նրան, ով տեր է իր հողին ու իր իրավունքին։ Մենք եկել ենք տեր կանգնելու մեր սահմանին, մեր սրբություններին ու մեր պատվին։ Սա սովորական ընտրություն չէ, սա մեր տեսակի գոյության կռիվն է»։