4 մայրցամաքում հետևում են հանտավիրուսով ախտահարված զբոսանավի ուղևորներին

Միջազգային առողջապահական մարմինները 4 մայրցամաքում հետևում են MV Hondius զբոսանավից իջած ուղևորներին՝ հանտավիրուսով հնարավոր վարակման պատճառով։ Դրա մասին հայտնում է Associated Press-ը։

Չորս մայրցամաքի առողջապահական մարմինները հետևում են հանտավիրուսով ախտահարված զբոսանավից իջած ուղևորներին և փորձում են գտնել այլ անձանց, որոնք կարող էին շփում ունենալ նրանց հետ։

Ըստ Արգենտինայի առողջապահության նախարարության ներկայացուցիչների՝ քննիչները կարծում են, որ հիվանդությունը բռնկվել է հենց այդ երկրում։ Նրանք կասկածում են, որ հնարավոր է՝ նախքան զբոսանավ բարձրանալը նիդերլանդացի մի զույգ թռչունների դիտարկման արշավի ժամանակ վարակվել է վիրուսով։

Ապրիլի 24-ին՝ նավում առաջին ուղևորի մահից գրեթե երկու շաբաթ անց, առնվազն 12 տարբեր երկրի ավելի քան երկու տասնյակ քաղաքացի լքել են նավը՝ առանց կոնտակտների հետագծման։

Բռնկման հետևանքով մահացել է երեք ուղևոր՝ նիդերլանդացի ամուսնական զույգը և Գերմանիայի մի քաղաքացի, մի քանի մարդ ևս հիվանդացել է։ Ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց մեկից ութ շաբաթ անց։

Նիդերլանդական Oceanwide Expeditions զբոսաշրջային ընկերությունը հայտնել է, որ նավի մյուս ուղևորների կամ անձնակազմի անդամների մեջ հիվանդության ախտանշաններ չեն նկատվում։

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հայտարարում է, որ մասշտաբային տարածման ռիսկը մնում է ցածր, իսկ վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն հանտավիրուսի այս տեսակի համար հազվադեպ երևույթ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *