Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հրադադարի հաստատման, ռազմական գործողությունների դադարեցման և Լիբանանի հարավում տների ավերումը դադարեցնելու նպատակով։ Այդ մասին հայտնել է նախագահի վարչակազմը՝ Աունի և Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսայի հանդիպումից հետո։
«Անհրաժեշտ է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հրադադարի, ռազմական գործողությունների, ինչպես նաև տների ավերման և քանդման դադարեցման համար»,- հայտարարել է նախագահը։
Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով 74 մարդ է զոհվել՝ չնայած անցյալ ամիս հայտարարված զինադադարին։
Գերատեսչության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր զոհվել է 2869 մարդ, որոնց թվում՝ 584 բուժաշխատող, կանայք և անչափահասներ։
Աունը և ամերիկացի դեսպանը քննարկել են նաև Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների երրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա Վաշինգտոնում մայիսի 14-15-ը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Սա նախորդ երկու փուլերի շարունակությունն է, որոնք արդեն դարձել են վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելի և Լիբանանի միջև ամենաբարձր մակարդակի շփումները։ Լիբանանյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ում նախկին դեսպան Սիմոն Քարամը։
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մոտ 1,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, իսկ բնակչության զգալի մասը փախել է երկրի հարավից։