ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ունի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու «պատմության մեջ լավագույն ծրագիրը»՝ միևնույն ժամանակ Թեհրանի պատասխան առաջարկը կրկին անվանելով «բացարձակապես անընդունելի»։
«Ես ծրագիր ունեմ. հասկանո՞ւմ եք, այն շատ պարզ է։ Չգիտեմ, թե ինչու դուք իրերն իրենց անուններով չեք կոչում. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը։
Նա խստորեն քննադատել է Իրանի վերջին առաջարկը՝ այն «հիմարություն» անվանելով։ Ըստ նրա՝ ցանկացած համաձայնագիր Իրանից կպահանջի պաշտոնական պարտավորություն՝ դադարեցնելու միջուկային ծրագրի մշակումը։ «Պատերազմի ժամանակ պետք է փոխվել, պետք է ճկուն լինել։ Դուք կարող եք շատ ծրագրեր ունենալ, և տարբեր օրերի ստիպված եք տարբեր կերպ գործել։ Բայց իմ գլխավոր ծրագիրն այն է, որ նրանք միջուկային զենք չեն ունենա։ Նրանց նամակումդրա մասին ոչինչ ասված չէր»,- հավելել է նա։
Թրամփի կարծիքով՝ իրանական ղեկավարության մեջ կան ինչպես «չափավորականներ», այնպես էլ «խենթեր»։ «Կան մարդիկ, որոնք պատրաստ են երկխոսության, և նրանք, ովքեր ուզում են կռվել մինչև վերջ։ Կարծում եմ՝ չափավորականները մեծ հարգանք են վայելում, և նրանք մահու չափ ուզում են գործարք կնքել։ Բայց, ենթադրում եմ, նրանք մի փոքր վախենում են «խենթերից»»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն մեկ ամիս տևող զինադադարը ճգնաժամային վիճակում է («զանգվածային կենսապահովման մեջ»)։ Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմն արտաքուստ պահպանվում է, նախագահն այն անվանել է «անհավանական թույլ»։
Թրամփը նաև Իրանին մեղադրել է հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին փոխանցելու պարտավորություններից հրաժարվելու մեջ։ «Երկու օր առաջ նրանք համաձայն էին,- ասել է Թրամփը,- բայց հետո մտքափոխվեցին, որովհետև դա թղթի վրա չէին ամրագրել»։
Նախագահը պարզաբանել է, որ նախնական բանակցությունների ընթացքում Իրանը համաձայնել է հանձնել ուրանը, բայց պայման է դրել՝ ԱՄՆ-ն պետք է այն դուրս բերի սեփական ուժերով։ Խոսքն այն ուրանի մասին է, որը թաղված է միջուկային օբյեկտների տակ, որոնք ԱՄՆ ռազմաօդային ուժերը ռմբակոծել էին անցյալ տարի։ «Օբյեկտն այնքան էր ավերված, որ աշխարհում կա ընդամենը մեկ-երկու երկիր, որն ի վիճակի է այնտեղից դա արդյունահանել»,- ասել է Թրամփը՝ հստակեցնելով, որ որպես այդպիսի երկրորդ երկիր իրանցիները նշել են Չինաստանը։
Չնայած այս քննարկումներին, Իրանի վերջնական առաջարկում ուրանի փոխանցման մասին կետը բացակայում էր։ «Նրանք պարզապես չեն կարողանում կողմնորոշվել։ Սկզբում համաձայնում են մեզ հետ, իսկ հետո հետ են կանգնում իրենց խոսքերից»,- եզրափակել է նախագահը։