Հայաստան–Իրան սահմանին քննարկվել են սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացման հարցերը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր: 

Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմական գործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների: 

ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *