Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը հայտարարել են Հորմուզի նեղուցով նավերի ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Ինչ վերաբերում է Իրանին, երկու կողմերն էլ համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների անխափան հոսքն ապահովելու համար»,- գրում է գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչին։
Ըստ զրուցակցի՝ Չինաստանի ղեկավարը հանդիպման ժամանակ նշել է, որ Պեկինը դեմ է նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած փորձին։
Ընդհանուր առմամբ, Bloomberg-ի զրուցակիցը բարձր է գնահատել Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը՝ նշելով, որ առաջնորդները քննարկել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները։
Մասնավորապես, պետությունների ղեկավարները քննարկել են ամերիկյան բիզնեսի համար Չինաստանի շուկա մուտքի ընդլայնումը և ԱՄՆ արդյունաբերության մեջ չինական ներդրումների ավելացումը, ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։
Բացի այդ, ըստ գործակալության՝ Չինաստանի ղեկավարը շահագրգռվածություն է հայտնել ավելի մեծ քանակությամբ ամերիկյան նավթ գնելու հարցում, որպեսզի «ապագայում նվազեցնի Հորմուզի նեղուցից ունեցած կախվածությունը»։