Ֆրանսիայի ֆինանսների նախարարը Միջազգային արժութային հիմնադրամին (ՄԱՀ) և Համաշխարհային բանկին կոչ է արել ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որոնք ամենից շատն են տուժում Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքներից։ Այս հայտարարությունը հնչել է երեքշաբթի օրը Փարիզում, որտեղ նախարարը հյուրընկալել էր «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարներին և այլ պետությունների ներկայացուցիչներին։
Փարիզյան բանակցությունների երկրորդ օրը G7-ի ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են հակամարտության տնտեսական հետևանքները, ինչպես նաև պետական պարտատոմսերի համաշխարհային շուկաներում տիրող անկայունությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Պարսից ծոցի պետությունների, Բրազիլիայի և Քենիայի ներկայացուցիչները։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը լրագրողներին հայտնել է. «Մենք համակարծիք ենք, որ ՄԱՀ-ն ու Համաշխարհային բանկը պետք է ավելի ակտիվորեն աջակցեն մերձավորարևելյան հակամարտությունից ամենից շատ տուժած երկրներին և ցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը»։
Նա նաև ընդգծել է, որ պարարտանյութերի դեֆիցիտը կարող է խիստ բացասական անդրադարձ ունենալ մի շարք երկրների տնտեսության և պարենային շուկաների վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվելիք հարվածը կասեցնելու մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանը Վաշինգտոնին խաղաղության առաջարկ էր ներկայացրել։ Նա հավելել էր, որ այժմ «շատ լավ հնարավորություն» կա Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ համաձայնության գալու համար։
Այդուհանդերձ, գործակալության տվյալներով՝ Մեծ յոթնյակի (G7) որոշ երկրներ դժգոհություն են հայտնում, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանին՝ պատշաճ կերպով չգնահատելով տնտեսական հետևանքները։ Դրանց թվում է նաև Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը, որն էներգակիրների համաշխարհային առևտրի գլխավոր երթուղիներից է։
Լեսկյուրի խոսքով՝ բանակցություններին մասնակցել են նաև Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները, ովքեր քննարկել են Պարսից ծոցում ստեղծված ճգնաժամը։
Քննարկումների մի մասն էլ վերաբերել է Սիրիային և Ուկրաինային, ինչը ևս մեկ անգամ փաստում է «Մեծ յոթնյակի» ձգտումը՝ կայունություն հաստատել այնպիսի երկրներում, որոնք առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար։
Քննարկումներին մասնակցել են նաև Բրազիլիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները։ Սա արվել է միջազգային գործընկերությունն ընդլայնելու նպատակով՝ հաշվի առնելով ավանդական դաշինքների վերանայման ներկայիս միտումները։
Լեսկյուրը հայտնել է, որ մասնակիցներն անդրադարձել են նաև հազվագյուտ հողային տարրերի ու ռազմավարական նշանակության օգտակար հանածոների մատակարարման դիվերսիֆիկացմանը։ Բացի այդ, քննարկվել է համաշխարհային տնտեսական անհամաչափությունների խնդիրը, որը G7-ում Ֆրանսիայի նախագահության առանցքային թեմաներից է։
Նրա խոսքով՝ այս անհամաչափությունները մեծացնում են առևտրային հարաբերություններում առկա լարվածությունը և կարող են ապակայունացնել ֆինանսական շուկաները։ Նա մատնանշել է ներկայիս միտումը. Չինաստանը թերսպառում է, ԱՄՆ-ն՝ գերսպառում, իսկ Եվրոպան բավարար ներդրումներ չի անում։
Գերմանիայի տնտեսության նախարար Լարս Կլինգբայլը հայտարարել է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մյուսները փոխում խաղի կանոնները, և ես չեմ ցանկանում, որ մենք հայտնվենք տուժողի դերում»։
Նա Եվրոպային կոչ է արել ավելի վճռականորեն պաշտպանել սեփական շահերը՝ ընդհուպ մինչև արտադրության տեղայնացման պարտադիր պահանջների սահմանումը։
Եվրոպական միության տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը նշել է, որ G7-ի երկրները առաջընթաց ունեն հումքային ռեսուրսների ոլորտում գործընկերության ձևավորման հարցում, սակայն այս գործընթացը ժամանակ և մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում։
Նա նաև ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը շարունակելու անհրաժեշտությունը։ Այս արտոնությունը «էներգետիկ տեսանկյունից խոցելի» երկրներին թույլ է տալիս ռուսական ծովային նավթ գնել։
Դոմբրովսկիսի խոսքով՝ Եվրամիությունում կարծում են, որ «հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ»։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմը հավաստիացրել է դաշնակիցներին, թե այս քայլը ժամանակավոր բնույթ է կրում, թեև սա արդեն նման բացառության երկրորդ երկարաձգումն է։